Հայաստանի գյուղատնտեսության մեջ թեև մեծ են խաղողի արտադրության ծավալները, սակայն ոչ տեխնիկական սորտերի ավելացման կարիք կա:
Այս մասին Արարատի մարզի գյուղատնտեսների և համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը' ներկայացնելով ոլորտի գերակայությունները: Նախարարի համոզմամբ' խաղողի «սեղանի» սորտերը առավել ձեռնտու են գյուղացիների համար, քանի որ ավելի թանկ արժեն:
«Մեր այգիների 90 տոկոսից ավելին տեխնիկական սորտեր են, սակայն ներկայումս գյուղացուն ավելի ձեռնտու է սեղանի սորտեր մշակել և ավելի բարձր գնով վաճառել շուկայում: Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ և ստեղծել ենք տնկարանային տնտեսություն' աճեցնելու «սեղանի» սորտերը: Դրանք հիմնականում «քիշմիշ» տեսակի սորտեր են, որոնք շուկայում արժեն մինչև 700-800 դրամ: Իհարկե, տեխնիկական սորտերը կարևոր են գինեգործության և կոնյակագործության համար, սակայն «սեղանի» սորտերը պետք է ավելացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սերգո Կարապետյանը:
Նախարարն անդրադարձավ նաև գյուղատնտեսների բարձրացրած այն հարցին, որ Հայաստանի որոշ այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա հիվանդությունը: Նա տեղեկացրեց, որ խաղողի վազի այդ վնասատուները նկատվել են մի քանի այգիներում' 10 հա ընդհանուր մակերեսով: «Հիվանդ այգիները պետք է ամբողջությամբ ոչնչացվեն, որ հնարավոր լինի կանխել հիվանդության տարածումը: Իսկ այգիների տերերին կտրամադրվի այնքան փոխհատուցում, որքան նրանք կարող էին ստանալ այգին մշակելու դեպքում»,- ասաց Կարապետյանը: Նա նշեց, որ ֆիլոքսերան կարող էր Հայաստան ներթափանցել հարևան երկրներից, քանի որ այն տարածված է այդ երկրներում:
Ֆիլոքսերան խաղողի վազի վնասատու է, որը ներկայում տարածված է աշխարհի խաղողագործական գրեթե բոլոր երկրներում: Հայաստանում առաջին անգամ նկատվել է 1926թ. նախկին Նոյեմբերյանի շրջանում. ներկայումս տարածված է միայն հանրապետության հյուսիս-արևելյան գոտում: