Ննգի-Մարտունի ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի: Այս մասին հունվարի 27-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նախարարը նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման և պահպանման նպատակով 2014թ. հատկացվել էր 2 մլրդ 596,588 մլն դրամ գումար: Իսկ ընդհանուր առմամբ, ճանապարհաշինության ոլորտում կատարված ներդրումներն ուղղվել են ԼՂՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների հիմնանորոգմանն ու շահագործմանը, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը: Հաշվետու տարում, իրականացվել են ասֆալտբետոնե նոր ծածկերի կառուցման աշխատանքներ' Ստեփանակերտ-Բերձոր (1,6կմ), Ստեփանակերտ-Կարմիր Շուկա (2,85կմ), Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի (3կմ) ճանապարհահատվածներում:
Ներկայումս ավարտված են' Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհից Իվանյան և Նորագյուղ գյուղեր տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը' ընդհանուր երկարությունը 2,3 կմ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը' ընդհանուր երկարությունը 3,6 կմ: Քաղաքաշինության նախարարի խոսքով, դեռևս ընթացքի մեջ է Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի վերանորոգումը ' ընդհանուր երկարությունը 39,6 կմ, որից ասֆալտապատումն իրականացվել է 34,6կմ հատվածում:
Նախարարի հավաստիացմամբ, աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարի։ Միաժամանակ «Արցախուղի» ՓԲԸ կողմից ԼՂՀ հանրապետական և տեղական նշանակության 256 կմ երկարությամբ ճանապարհների ու Ստեփանակերտ քաղաքի 7 կմ երկարությամբ փողոցներում վերանորոգման և պահպանման նպատակով կատարվել են 651 մլն դրամ գումարի աշխատանքներ: Իսկ «Վահե Կարապետյան ճանշահագործում» ՓԲԸ կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին 175 մլն դրամ գումարի աշխատանքներ են տարվել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 64,4 կմ ճանապարհահատվածի պահպանմա և շահագործման ուղղությամբ, ինչպես նաև կատարվել են փոսային նորոգումներ: