Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հանդես է եկել տարօրինակ, թուրքամետ հայտարարություններով: Թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում այցով Հյուսիսային Իրաքի ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում գտնվող Մահչուփյանը հայտարարել է, որ Հայաստանն ու հայ հասարակությունն ավելի պատրաստ են հարաբ երություններ սկսել Թուրքիայի հետ, քան հայկական սփյուռքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա ձևակերպմամբ' թուրքական և հայկական հասարակությունների մեջ կարոտ կա:
«Այս մարդիկ միևնույն մշակույթի զավակներն են, նույն երաժշտությունն են լսում, նույն բաներն են կարդում: Այսինքն, երկու հասարակությունների միջև մի այսպիսի «կարոտ» կա, և ըստ էության, երկու կողմն էլ պատրաստ են հարաբերություններ սկսելուն: Սակայն մենք ազգային աշխարհում ենք, կան սահմաններ և պետություններ: Այս ամենը գործն ավելի ֆորմալ վիճակի է բերում: Իսկ ֆորմալ դառնալով' խնդրին սկսում են խառնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հավասարապաշտությունը, առևտրականությունը: Այս ամենը նպաստում է հարաբերությունների սառեցմանը»,- ասել է Մահչուփյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը Թուրքիայում կազմակերպվելիք Չանաքքալեի տոնախմբություններին և դրանց մասնակցելու համար Էրդողանի կողմից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերին' վարչապետի խորհրդականն ընդգծել է, որ հրավերն արվել է ողջ աշխարհին' այդ թվում և Հայաստանին: Նա կրկնել է միտքն այն մասին, թե Չանաքքալեի մարտերում եղել են կռվող հայազգի զինվորներ: Նա տարօրինակ եզրակացություն է արել, որ եթե Հայաստանն ունի որևէ բարոյական կապ անցյալի հայերի հետ, ապա նշանակում է, որ այս տոնակատարությունների նկատմամբ էլ որևէ հետաքրքրություն կունենա: «Հետևաբար, անգամ եթե խորհրդանշական ձևով լինի, կարծում եմ, որ արդյունքը պետք է դրական լինի և Հայաստանը որևէ քայլ կանի: Սակայն պետությունները չեն կարող միայն բարոյական պատասխանատվության վրա հենվել»,- նշել է Մահչուփյանը' հավելելով, որ «կարող է լինել ավելի շահադիտական տեսակետ»' որպես օրինակ մեջբերելով ՀՀ Նախագահի այն հայտարարությունը, թե «մենք ձեզ հրավիրել էինք, դուք էլ մեր հրավերին արձագանքեիք»:
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ «այս տարին շատ կարևոր է լինելու, քանի որ այն 1915 թվականի դեպքերի հարյուրերորդ տարին է»: Նա խիստ կարևորել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից Դինքի մահվան տարելիցին հնչեցված ուղերձը: Մահչուփյանը հատկապես ուշագրավ է համարել այն փաստը, որ նախքան ուղերձը «Դինքը չէր ճանաչվել որպես Թուրքիային տեր կանգնող անատոլիացի»: «Այս տարի 1915 թվականի հարյուրերորդ տարին է: Այդ պատճառով ամբողջ տարին շատ կարևոր է: Կարծում եմ, որ ամբողջ տարվա ընթացքում շատ միջոցառումներ կլինեն, որոնք Թուրքիան կցանկանա անցկացնել, կիրականացնի կամ կաջակցի: Սակայն դրանք հստակեցնելու համար դեռ մեխանիզմ է հարկավոր»,- եզրափակել է Մահչուփյանը: