Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ ազգությամբ հայ լինելով իրեն ավելի շատ օսմանցի է զգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24.com-ը, այս մասին պոլսահայ մտավորականն ասել է Բելգիայի Գենտ քաղաքում կազմակերպված և «Նոր Թուրքիա» խորագիրը կրող սեմինարի ժամանակ:

 

«Ես այն դիրքերում չեմ, որ պետք է ապացուցեմ իմ հայ լինելը: Լինելով հայ' իրականում ինձ ավելի շատ օսմանցի եմ համարում: Մենք օսմանյան, իսկ դրանից ավելի առաջ բյուզանդական ժամանակաշրջանում այս հողերում ենք ապրել և մեր մշակույթն ենք ստեղծել: Ըստ իս' արժեքավորը սա է, այլ ոչ թե 1923 թվականին ստեղծած քաղաքական համակարգը: Կարծում եմ, որ Թուրքիայի հայերի մեծամասնությունը դժվարանում է կապ հաստատել հանրապետության քաղաքացիության մոդելի հետ»,- նշել է Մահչուփյանը' հավելելով, որ իր կարծիքով վերջին տասը տարիների ընթացքում հայերն իրենց Թուրքիայում ավելի ազատ են զգում:

 

Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելել է նաև, որ իրեն չի հետաքրքրում այն, որ հայերն իրեն «դավաճան» են անվանում: «Ի վերջո, ամեն հայացք ունեցող հայ կա: Շատ հավանական է, որ ինձ այդպես անվանող հայեր էլ կան, սակայն դա կարևորություն չունի»,- հավելել է նա: