Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Պրոբացիոն ծառայության կողմից իր դեմ ներկայացված ազատազրկման միջնորդությանը։

Վերջինս ասել է, որը ինքը ցանկացած պետական սուբյեկտի նկատմամբ հարգանք ունի․ «Ես այդ մարդկանցից ոչ մի ավել քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթներն են կատարում, ես էլ իմ իրավունքներն ունեմ։ Պրոբացիայի հետ կապված որևէ ավել կամ պակաս բառ ասելու անհրաժեշտություն չկա»։

Ըստ նրա՝ ինքն այս ֆորմատը չի դիտարկում քաղաքական կոնտեքստում։

«Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, որ քաղաքական խնդիրներ տեսնեմ: Երբ երկու տարի առաջ ազատվել եմ այս դատարանից, նույն բառերն եմ ասել, հիմա էլ եմ նույնը ասում։ Շատերի համար ցանկալի է, որ այդ ֆորմատով հանդես գան ու ներկայացնեն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ պայքարը քաղաքական չի եղել, քաղաքական պայքարում են, որ պաշտոն ստանան, ես պաշտոնի համար չեմ պայքարել։ Ես ուզում եմ, որ Գորիսը ավելի լավ սարքվի ու շեն լինի: Կարևոր ֆակտորը, որ մեր քաղաքում գաղտնիք չէ, այն է, որ բազմիցս ունեցել ենք մթնոլորտային իրավիճակ, գորիսեցիները ասում էին՝ «էս քաղաքում ժամը վեցից հետո մարդ դուրս չի գալիս տնից», բայց այսօր երեկոյան ժամերին կարող եք տեսնել, որ քաղաքն այնքան ուժեղ է, մթնոլորտն այնքան կայուն ու ստաբիլ է, որ բոլորն իրենց ընտանիքների հետ զբոսնում են, մարդիկ սիրում են իրենց քաղաքը»,- ասել է նա:

Հարցին, եթե վերջինս իր հետ կատարվածը չի դիտարկում որպես քաղաքական հետապնդում, արդյոք դրա համար է, որ իր նախկին փաստաբան Արմեն Մելքոնյանն այլևս այս գործով չի զբաղվում, քանի որ նա այս գործը որակել էր քաղաքական հետապնդում և մեղադրել Արդարադատության նախարարությանը, Առուշանյանը նշել է․ «Անձնական խնդիր չկա Մելքոնյանի հետ, գործի բնույթն այլ է, նեղ մասնագիտական մասով, ես կարծում եմ՝ այլ մարդիկ պետք է զբաղվեն գործով, որևիցե խնդիր չկա իր հետ անձնական դաշտում։ Ինքը անձնական տեսակետ է հայտնել, ես էլ այդ տեսակետը չեմ կիսում, բոլորս կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ»։

Անդրադառնալով նաև ընդդիմադիրների այն հայտարարություններին, որոնք հայտնել են, թե Առուշանյանը «տղայական կերպով կոտրվել է»՝ Առուշանյանը նկատել է. «Ով նման հայտարարություն է արել, կհանդիպենք դեռ, անկախ՝ ով է արել»։

Նա նաև կեղծ է համարել լուրերը, թե միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, իմ գաղափարների մեջ չեմ կարող կուսակցական լինել, ես մտածում եմ, որ կուսակցությունը պետք է լինի հայ լինելն ու հայ ազգի շահերը պաշտպանելը»։