Թուրքիայի` «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը պատուհան էր, որի միջոցով Միացյալ Նահանգները փորձում էր ջերմություն մտցնել հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացում' հույս ունենալով բացել սահմանները և դիվանագիտական հարաբերություններ սկսել երկու երկրների միջև: Այս մասին իր հեղինակած «Դժվար ընտրություններ» (Hard Choices) հուշագրական գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Գրքի ընթերցումից հետո իր տպավորությունների մասին Asbarez պարբերականում հրապարակված հոդվածով կիսվել է Asbarez -ի խմբագիր Արա Խաչատուրյանը: Նա ընդգծում է, որ գրքի ընթերցումը ստիպում է հավատալ, թե հենց Քլինթոնն է եղել հայ-թուրքական վտանգավոր արձանագրությունների ճարտարապետը' ուռճացնելով այս հարցում ԱՄՆ դերը: ԱՄՆ նախկին պետքարտուղարը գրքում նշում է նաև, որ երկու երկրներում ի հայտ եկած ուժեղ ընդդիմությունը կտրականապես դեմ հանդես եկավ փոխզիջմանը, ինչի արդյունքում էլ կառավարության վրա գործված ճնշումը թույլ չտվեց համաձայնության գալ' չնշելով, սակայն, որ հենց ամերիկացի իր գործնըկերները դեմ էին այս կեղծիքին: Խաչատուրյանը հայտնում է, որ գրքում Քլինթոնն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին, որի ճանաչման համար նա բազմիցս քարոզներ էր հնչեցրել իր ձախողված նախագահական քարոզարշավի ժամանակ: Գրքում նա Հայոց ցեղասպանությունն անվանում է «զգայական հակամարտություն» Հայաստանի ու Թուրքիայի միջև:
Հայաստանի մասին կատարած իր կարճ ակնարկի ժամանակ խոսելով իր այցելության մասին' Քլինթոնը որևէ հիշատակում չի կատարում Ծիծեռնակաբերդ կատարած այցելության վերաբերյալ:
Քլինթոնը մանրամասն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացին: Այդ մասին նա գրում է. «Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ' Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և ԵՄ բարձր ներկայացուցչի հետ' ականատեսը լինելու արձանագրությունների ստորագրմանը: Հաջորդ կեսօրին ես լքեցի իմ հյուրանոցը և արարողության համար ուղևորվեցի Ցյուրիխի համալսարան: Սակայն այդտեղ խնդիր առաջ եկավ: Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ուշանում էր: Նա անհանգստանում էր' կապված նրա հետ, թե ստորագրման ժամանակ ինչ է մտադրվել ասել Դավութօղլուն, և հանկարծ հրաժարվել էր լքել իր հյուրանոցը: Թվում էր, թե ամիսներ շարունակված զգուշավոր բանակցային գործընթացը կարող է տապալվել: Իմ ավտոշարասյունը շրջվեց և ընթացավ դեպի Ցյուրիխի Dolder Grand հյուրանոց: Մինչ ես սպասում էի մեքենայի մեջ, Ֆիլ Գորդոնը Շվեյցարիայի գլխավոր բանակցողի հետ բարձրացան' գտնելու Նալբանդյանին և նրան ստորագրման արարողությանը տանելու համար: Սակայն նա անդրդվելի էր»: Քլինթոնը պատմել է, որ Նալբանդյանին զանգահարելուց հետո նա ի վերջո բարձրացել է ՀՀ արտգործնախարարի մոտ և նրա հետ զրույցից հետո միայն Նալբանդյանը համաձայնել է ներկայանալ ստորագրման արարողությանը:
Արա Խաչատուրյանը եզրակացնում է, որ Քլինթոնն իր գրքով նշում է, որ արձանագրությունների նպատակը և Կովկասում մյուս նախաձեռնություններն իրականում անհրաժեշտ են եղել ոչ թե խաղաղություն հաստատելու համար, այլ բխել են Միացյալ Նահանգների հետաքրքրություններից: