Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ ամբողջական քաղաքական, դիվանագիտական և տնտեսական փակուղու մեջ: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Աշոտյանը շեշտեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն այլևս քաղաքական օրակարգի մաս չեն լինելու 2018թ. գարնանից սկսած:
«Այն ակտիվությունը, որով թուրքական կողմը փորձում է արդարացնել այդ արձանագրությունների տապալումը, վկայում է այն մասին, որ Թուրքիան ունի որոշակի երեսը փրկելու կարիք: Երեսը փրկելու բոլոր ջանքերը, տապալված են, որովհետև բոլորը գիտեն, թե ում պատճառով է տապալվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Արմեն Աշոտյանը:
Պատգամավորի խոսքով՝ թուրքական կողմի ակնհայտ դիվանագիտական «լկտիությունը» բերում է նրան, որ չեն էլ թաքցնում, որ հայ-թուրքական կարգավորումները շաղկապված են բացառապես արցախյան հիմնախնդրի, ադրբեջանամետ լուծումների կարիքների հետ: «Եվս մեկ անգամ փաստենք մի պատմական իրողություն, որ Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է տարածաշրջանում, մեկ այլ Թուրքիա Հայաստանի ու հայ ժողովրդի համար»,- եզրափակեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: