ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հունվարի լույս 29-ի գիշերը երկօրյա այցով ժամանել Է Վրաստան, որի հիմնական նպատակը Վրաստան-ՆԱՏՕ գործակցության փաթեթի իրագործման մոնիթորինգն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Այցի շրջանակներում Վերշբոուն հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի, եվրաինտեգրացման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեի, ինչպես նաեւ հանրապետության կառավարության այլ անդամների հետ:
«Ես անհամբերությամբ եմ սպասում վրացի իմ գործընկերների հետ հանդիպումներին: Մենք կքննարկենք Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հարցերը: Ես կհանդիպեմ նաեւ ընդդիմության ներկայացուցիչների եւ պատրիարքի հետ»,- ասել Է Վերշբոուն լրագրողներին:
Ինչպես հաղորդել Է վարչապետի մամուլի ծառայությունը, օրվա երկրորդ կեսին Ղարիբաշվիլին եւ Վերշբոուն համատեղ հայտարարություն կանեն մամուլի համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ կայցելի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ վարժական կենտրոնի կառուցման վայր, որը նախատեսված երկկողմ գործակցության փաթեթով, եւ հանդես կգա դասախոսությամբ:
Դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը հաստատվել Է ՆԱՏՕ-ի՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Դրա շրջանակներում նախատեսվում Է Վրաստանոմ բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները: