Թուրքիայի փոքրամասնությունների դպրոցներում շարունակվում է աշակերտի ազգային ծագման հետ կապված «ազգության գաղտնագիր» խայտառակությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս»-ը հայտնում է, որ այդ խայտառակության պատճառով բոլորովին վերջերս երկու հայ աշակերտ չեն կարողացել ընդունվել հայկական դպրոց: Հայկական եկեղեցում մկրտված հոր 5-ամյա որդուն Ստամբուլի կրթության տնօրինությունը թույլ չի տվել ընդունվել հայկական դպրոց' պատճառաբանելով, որ «դեռեւս ուսումնասիրում է աշակերտի ազգային ծագումը»:

 

Հայկական դպրոց ընդունվել չկարողացողների փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտարարել է, որ նման վարվելակերպով «Թուրքիայի կրթության նախարարությունը հանցագործություն է կատարում»:

 

Բանն այն է, որ Թուրքիայում գործող օրենքի համաձայն, հայկական դպրոց ընդունվել ցանկացողների դիմումը դպրոցի տնօրինությունը պարտավոր է ներկայացնել Թուրքիայի տեղական կրթական տնօրինությանը' նրա թույլտվությունը ստանալու համար: Վերջինս էլ «ուսումնասիրում» է աշակերտի հայկական ծագում ունենալը, հետո միայն թույլատրում նրան հաճախել հայկական դպրոց:

 

Թերթը հայտնում է, որ վերջերս նման «արգելքի» էր հանդիպել մի հայ երեխա եւս: Նա ցանկացել էր ընդունվել հայկական դպրոց, որտեղ սովորել եւ ավարտել էին իր հորեղբոր երեխաները: Սակայն նույն «հիմնավորումներով» մերժում էր ստացել կրթության տնօրինությունից: Թերթը գրում է, որ նման դրության մեջ բազմաթիվ հայ երեխաներ կան, որոնց նույնպես չեն թույլատրում հաճախել հայկական դպրոց:

 

Թուրքիայի կրթության նախարարության լիազոր ներկայացուցիչը, թեմայի հետ կապված, թերթին «պարզաբանել է», որ «եթե երեխայի, նրա հոր եւ մոր փաստաթղթերում ազգության մասին գրառում չկա, ապա մերժվում է դիմումը»:

 

«Ակոս»-ը դեռեւս 2013 թվականին հայկական դպրոցում սովորել ցանկացած մի երեխայի «մերժման» հետ կապված պարզել էր, որ Թուրքիայում փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, այսպես կոչված, ազգային նշագրման գաղտնի բանկ գոյություն ունի, որում հայերին «հատկացված» է «2» գաղտնի նշագրումը:

 

Հետաքրքիր է, որ նման խայտառակ կրթական համակարգ ունեցող Թուրքիան ցանկանում է ընդունվել Եվրամիություն եւ մի բան էլ նեղանում, որ իրեն չեն ցանկանում տեսնել քաղաքակիրթ երկրների շարքում: