Թուրքիայի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակը երկրի չորս նահանգների 17 հասցեներում համաժամանակյա գործողություն է իրականացրել՝ ընդդեմ «զուգահեռ պետության»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Ադանայում այս գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 10 մարդ, ովքեր տարվել են ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու համար:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-25-ը Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:

 

Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

 

Թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն իր հերթին դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: