Անկարայի ոստիկանության կողմից, այսպես կոչված, «ապօրինի հեռախոսային լսումների» հետ կապված «զուգահեռ կառույցի» դեմ այս գիշեր անցկացված հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի 54 կողմնակից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ բերման ենթարկվածներից 35-ը կալանավորվել են:
Ըստ գործակալության' հատուկ գործողությունները ներկայում շարունակվում են Թուրքիայի տարբեր նահանգներում, Բոլուում, Դուզջեում, Քոնիայում, Հաքքարիում, Դիարբեքիրում եւ ես 20 քաղաքներում:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլենի շարժման (նուրսիստներ) դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի պետական կառույցներում սպասվում են վերջին շրջանում ամենամասշտաբային կադրային փոխատեղումները: Ենթադրվում է, որ նուրսիստների դեմ պայքարի շրջանակում գործնականում փոխվելու են Թուրքիայի պետական վարչությունների բոլոր ղեկավարները:
Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: