Թուրքիայում հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել են Ստամբուլի քաղաքապետարանի՝ մշակույթի և մասնագիտական կրթության դասընթացների մի շարք աշխատակիցներ։ Նրանց թվում է նաև հայազգի Արի Հերգելը, ով արդեն ութ տարի է' դասավանդում է այդտեղ որպես կիթառի ուսուցիչ: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Հերգելն աշխատանքից հեռացվելու մասին տեղեկացվել է բջջային հաղորդագրության միջոցով, որում նշված է եղել, թե դա Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու պատճառով է, և որ աշխատանքից հեռացվում են ապօրինի կառույցների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողները:

 

«Ինձ ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքից հեռացվել եմ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու պատճառով։ Սակայն ոչ եկած ծանուցման մեջ, ոչ դեմ առ դեմ ունեցած հանդիպումներում և ոչ էլ հեռախոսազրույցների ժամանակ չկարողացա ճշտել, թե ինչի հիման վրա է որոշվել, որ ես առնչություն ունեմ նշված խմբավորման հետ»,- ասել է Արի Հերգելը:

 

Նա ընդգծել է, որ նույն պատճառաբանությամբ մի շարք այլ աշխատակիցներ ևս հեռացվել են աշխատանքից․«Դատական գործ հարուցելու համար անհրաժեշտ ծանուցումը վերցնելու նպատակով գնացի կենտրոն, որտեղ հանդիպեցի տասնյակ մարդկանց, ովքեր եկել էին նույն ծանուցման համար։ Նրանք բոլորը աշխատանքից հեռացվել են նույն պատճառաբանությամբ»:

 

Հերգելը հայտնել է, որ դիմելու է դատարան անօրինական զարգացումները կանխելու համար։ «Եթե հաշվի առնենք այն, թե ինչ է տեղի ունենում հիմա, ապա հստակ է, որ իմ աշխատանքից հեռացվելը շատ կարևոր դեպք չէ։ Ես ի վիճակի եմ տնտեսական այս բացը լրացնել։ Սակայն հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր ավելի վատ վիճակում են, ում համար սա միակ եկամտի աղբյուրն էր։ Նրանց համար դրությունն ավելի կենսական նշանակություն ունի։ Ինձ համար կարևոր է իմ անվան վրայից ջնջել այս կեղտաբիծը և դատարանի միջոցով կանխել ապօրինի զարգացումները»,- նշել է Արի Հեգելը: