Վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու բացթողումների քննադատն ու ձեռքբերումների ուրախությունը կիսողը:
Շնորհակալ եմ Լոռու մարզպետարանի ողջ անձնակազմին, Լոռու բոլոր համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, տեղական ու միջազգային, պետական ու ոչ պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին, որոնց հետ որեւէ շրջափուլում համագործակցել ենք:
Եվ ամենակարեւորը՝ շնորհակալ եմ ԼՈՌԵՑՈՒՆ, ում կյանքում ինչ որ բան դեպի լավը փոխելուն է ուղղված եղել յուրաքանչյուր օրս, ում ժպիտները ու անկեղծ խոսքերը եղել են լավագույն գնահատականը՝ իմ արածի ու նաեւ չարածի/չհասցրածի համար:
Վերջին 2.5 տարիների նախ որպես փոխմարզպետի օգնականի, մարզպետի օգնականի, ապա եւ՝ մարզպետի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ավարտն ամփոփում եմ պետական կառույցում ղեկավարման կարեւոր փորձառությամբ, գերհագեցած ու գերծանրաբեռնված օրերի գունեղ հետագծով, գործընկերների-ընկերների ամուր թիկունքով ու երբեւէ կանգ չառնելու անսասան հավատով ու ժպիտով)»,- գրել է նա։