Թուրքիական ոստիկանության կողմից Ստամբուլում , Թոքաթում, Ադանայում , Դիարբեքիրում, Իզմիրում, Բիթլիսում, Օսմանիեյում եւ Ադըյամանում գյուլենականների դեմ ուղղված միաժամանակյա գործողություններ են իրականացվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Էլազիգի ոստիկանության մաքսանենգության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից գործողությունների արդյունքում ձերբակալվել է 15 ոստիկան, որոնք մեղադրվում են պաշտոնական դիրքը չարաշահելու եւ գյուլենականներին սատարելու մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Անկարայում դեկտեմբերի 19-ին ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները գյուլենականներն են:
2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում Թուրքիայում զանգվածային գործողություններ են ընթանում գյուլենականներին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ, քանի որ ինչպես ՌԴ դեսպանի սպանության, այնպես էլ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Պաշտոնական Անկարան մեղադրում է գյուլենականներին:
ՌԴ դեսպանի սպանությունից հետո Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով կատարվող ձերբակալությունները նոր թափ են ստանում: