ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր' հունվարի 29-ին, ընդունել է ֆրանսիական «Ռիշել» ընկերության նախագահ Քրիստիան Ռիշելի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն է եղել քննարկել մեր երկրում ջերմոցաշինության զարգացման հեռանկարները, ֆրանիական փորձի կիրառումն ու ջերմոցային տնտեսությունների արտադրական հզորության ավելացման հնարավորությունները:

 

«Հայաստանում գյուղատնտեսությունը հռչակված է գերակա ոլորտ, և վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս բնագավառի զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ջերմոցաշինությունը:

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները խիստ նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների զարգացման համար, համոզված եմ, որ ձեր ընկերության շնորհիվ այս ոլորտում կարելի է հասնել նոր հաջողությունների»,-ողջունելով հյուրերին' նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումն իր հերթին զգալիորեն կխթանի գյուղմթերքի արտադրության, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը: Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով, այս հարցը չափազանց կարևոր ու արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, որն իրատեսական հնարավորություններ է ընձեռում երաշխավորված արտահանումներ կազմակերպելու տեսանկյունից:

 

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաև Հայաստանում ջերմատների կառուցման համար պահանջվող սարքավորումների և անհրաժեշտ պարագաների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա իջեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը:

 

Ի պատասխան առաջարկին' Քրիստիան Ռիշելն ընդգծել է, որ «Ռիշել» ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ընդլայնել իր գործունեությունը և առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրություններ կիրականացվեն այդ առաջարկի իրագործման նպատակով: Ընկերությունն արդեն իսկ Հայաստանում շահագործման է հանձնել մոտ 20 հեկտար ջերմոցային տնտեսություն: