Ցանցային սարքեր արտադրող աշխարհի հինգ խոշորագույն ընկերություններից «Դ-Լինկ Ինտերնեյշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը որոշել է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' օգոստոսի 22-ին տեղի ունեցավ «Դ-Լինկ Ինտերնեյշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայսատանյան ներկայացուցչության նոր գրասենյակի բացման արարողությունը: Ընկերության փոխնախագահ Թումաս Հուանգի խոսքով' Հայաստանում «Դ-Լինկ»-ը նոր և անսպասելի հնարավորություններ է բացահայտել:

 

«Մարդկային ինտելեկտուալ ներուժն իսկապես տպավորիչ է, ՏՀՏ ոլորտի զարգացման տեմպերն էլ խիստ խոստումնալից են: Այս ամենը նկատի ունենալով էլ որոշեցինք խորացնել Հայաստանում մեր գործունեությունը»,- ընդգծեց նա:

 

«Հայաստանյան գրասենյակը երկու հիմնական գործառույթ է իրականացնում: Առաջին'այն անմիջականորեն համակարգում է Հայաստանի շուկայի հետ կապված գործերը, կապեր հաստատում տեղի գործընկերների հետ և խորհրդատվություն տրամադրում տարբեր բարդ ծրագրերի վերաբերյալ, երկրորդ' այն հանգույցի գործառույթ է կատարում տարածաշրջանում, քանի համակարգում է նաև Վրաստանի գրասենյակի աշխատանքները»,- նշեց Հետխորհրդային տարածաշրջանի պետությունների շուկայի պատասխանատու Վլադիմիր Լիպինգը:

 

Նոր գրասենյակն ունի հաճախորդների սպասրկման, աշխատակիցների աշխատանքի և հանգստի կազմակերպման համար նախատեսված ավելի քան 1000 քմ տարածք: Այն ունի նաև ուսումնական նպատակների համար նախատեսված երկու լսարան: «Նոր պայմանները հնարավորություն են տալիս էապես բարելավել մեր գործունեության բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները:

 

Սակայն այսօր առավել կարևորում եմ ուսումնական ծրագրերի իրականացման համար ստեղծված լավագույն պայմանները, ինչը թույլ կտա ապահովել կադրերի պատրաստման շարունակական գործընթացը»,- ասաց     «Դ-Լինկ»-ի հայսատանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը:

 

«Դ-Լինկ» ընկերությունը Հայաստանում ներկայացված է դեռևս 2007 թվականից, այն ունի 12 աշխատակից: Նորակառույց գրասենյակը հնարավորություն կտա մինչև 2015 թվականի մարտը աշխատատեղերի քանակը հասցնել 25-ի: Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում նախատեսվում է ունենալ մինչև 40 աշխատատեղ: 2010 թվականից ներկայացուցչության կազմում գործում է հետազոտական կենտրոն: