Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է համացանցի տված հնարավորությունների պահանջը, սակայն ռադիոն շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել հասարակության կյանքում և ունի վաղուց ձևավորված լսարան: Ռադիոլսողները նախընտրում են օրվա կարևորագույն իրադարձությունների մասին տեղեկությունները, երաժշտական կատարումները և օգտակար գովազդները լսել ռադիոհաղորդումների միջոցով, ինչը մեծացնում է ռադիոգովազդի կարևորությունը: Մինչև վերջերս գովազդատուները չէին կարողանում վերահսկել իրենց պատվերները. արդյոք ճիշտ ժամին և ճիշտ քանակությամբ իրենց գովազդը հայտնվե՞լ է եթերում, թե՞ ոչ: Այս խնդրի լուծումը Հայաստանում արդեն մեկ տարի է՝ տալիս է «Ռադիոկոնտրոլ» ընկերությունը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Մելիքյանի հետ.

 

- Պարո՛ն Մելիքյան, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Ռադիոկոնտրոլ» ընկերությունը: Կխնդրեմ պատմեք Ձեր ընկերության առաքելության մասին: Ինչքանո՞վ է այն կարևոր ռադիոգովազդատուների համար:


- Մեր ընկերությունը գովազդատուի համար հասանելի է դարձնում ռադիոեթերով ընթացող բոլոր գովազդների մասին մանրամասն և ճշգրիտ ինֆորմացիան: Այս ծառայությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել իրենց կազմակերպության կողմից պատվիրված գովազդների տեղադրման ժամերին, տևողությանը, քանակին, այլև տեղեկացված լինել իրենց մրցակից ընկերությունների ռադիոգովազդային արշավների ողջ ընթացքին:

 

Գովազդատուն տեղեկացված կլինի մրցակիցների գովազդային գործունեությունից, գովազդի համար ծախսվող գումարներից, տեղադրման քանակներից և ժամերից, ինչպես նաև նրանց նախընտրած ռադիոալիքներից: Մեր միջոցով կարող են նաև վերահսկել՝ արդյոք իրենց վճարած գումարի չափով գովազդ եղե՞լ է եթերում, թե՞ ոչ: 

 

Յուրաքանչյուր օր մոնիթորինգային ինֆորմացիան ներմուծվում է MARKDATA վերլուծական ծրագիր, որտեղից ստանում ենք վերլուծություն՝ կոնկրետ մեկ բրենդի մասին տվյալ օրվա համար. յուրաքաչյուր հոլովակի սկիզբ, ավարտ, տևողություն, հեռարձակող ռադիոկայան, բլոկում նրա դիրքը և այլն:

 

Նշեմ նաև, որ մեր թիմում աշխատում են պրոֆեսիոնալներ, ովքեր այս ոլորտում ունեն երկարամյա փորձ: Մեր ընկերության կայացման գործում մեծ է նրանց, ինչպես նաև մեր գործընկերներ Շուշանիկ Արևշատյանի, Միքայել Ջանփոլադյանի և Էդուարդ Հովհաննիսյանի ներդրումը, և ես շնորհակալ եմ նրանց՝ ցուցաբերած վստահության և աջակցության համար:

 

- Կա՞ն արդյոք պետական մարմիններ, որոնց հետ աշխատում է Ձեր ընկերությունը.


- Այո, այս տարի մենք պայմանագիր ենք կնքել Կենտրոնական բանկի հետ: Մեր կողմից տրամադրվող ինֆորմացիայի շնորհիվ ԿԲ-ն կարողանում է վերահսկողություն իրականացնել առևտրային բանկերի գովազդների վրա՝ արդյոք գովազդը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ուռճացված չե՞ն, կեղծ տեղեկատվություն չե՞ն պարունակում և այլն, ինչը կարևոր է հենց ԿԲ-ի համար:

 

- Մենք հաճախ ռադիոյով լսում ենք գովազդներ՝ դեղերի, բժշկական ընկերությունների մասին: Ինչքանո՞վ է վերահսկվում ռադիոգովազդի այդ ոլորտը:


-Ցանկալի կլիներ, իհարկե, տրամադրել ինֆորմացիա նաև Առողջապահության նախարարությանը՝ հենց առողջապահական ոլորտին վերաբերող գովազդների մասին, քանի որ լինում եմ գովազդներ, որտեղ հստակ չի լսվում այդ ոլորտի գովազդում լիցենզիայի մասին տեղեկատվությունը: Ավելացնեմ նաև, որ մեր կողմից մատուցվող ծառայությունները շատ օգտակար կարող են լինել նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար, քանի որ այդ մարմինների վերահսկողությունը ևս շատ կարևոր է:

 

Ներկայումս մոնիթորինգի ենք ենթարկում երևանյան 12 առաջատար ռադիոընկերություն, այդ թվում՝ Радио Аврора, Радио Ван, Русское Радио, Радио Шансон և այլն, ինչպես նաև աշխատում ենք գովազդային գործակալությունների հետ: Խոշոր գովազդատուներից մեր ծառայություններից օգտվում են ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը, Ամերիաբանկը և ևս մի շարք ընկերություններ:

 

- Ինչքանո՞վ է մեր օրերում ռադիոգովազդն արդյունավետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գովազդի տարատեսակ միջոցներ կան:


- Մեր հետազոտությունների հիման վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ քաղաքային բնակչության 30%-40%-ը ռադիոլսողներ են, իսկ դա, համաձայնե՛ք, մեծ լսարան է: Բացի այդ, պետք է նշել նաև, որ ռադիոլսողների խումբը բազմաշերտ է, ինչն ավելի գրավիչ է դարձնում այս լրատվամիջոցը բիզնես հաղորդակցության տեսանկյունից: