Ադրբեջանի հերթական ընդդիմադիր լրագրողին ադրբեջանական «արդարադատությունը» դատապարտել է մի քանի տարի ազատարզրկման: Այս անգամ Ադրբեջանում խոսքի ազատության ոտնահարման զոհն է դարձել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, «Ադրբեջանական ժամ» ծրագրի վարող Սեյմուր Ղազին, ով մեղավոր է ճանա չվել խուլիգանության մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ղազին ազատազրկման մեջ կլինի 5 տարի:

 

2014 թվականի օգոստոսի 29-ին կանգառում Ղազիի վրա հարձակվել և սկսել էր վիրավորել Մագերամ Հասանովը, ով նաև հարվածել էր լրագրողին: Ինքնապաշտպանության նպատակով Ղազին Հասանովին հարվածել էր իր ձեռքում ունեցած շշով: Դեպքի վայրում հայտնված ոստիկանությունը ձերբակալել էր լրագրողին և տարել ոստիկանական բաժանմունք: Նրա դեմ հարուցված քրեական գործով Ղազին մեղադրվել էր խուլիգանության մեջ:

 

Հետաքրքիր է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցի վրա հարձակում գործած Մագերամ Հասանովին դատարանը դատապարտել է ընդամենը 6 ամիս ազատազրկման:

 

Ադրբեջանցի լրագրողի փաստաբանն անօրինական է անվանել դատավճիռը՝ հայտարարելով, որ այն կայացվել է քաղաքական շարժառիթներից դրդված: