ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը մերժել է քվեարկության դնել ադրբեջանա-ամերիկան համագործակցության ամրապնդմանը նպաստող SJR15-006 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևը քվեարկությունից հանելու ժամանակ Սենատում ներկա է եղել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևը: Քվեարկությունը տեղի կունենա միայն մայիսի 15-ին:

 

«Մենք ուրախ ենք, որ Կոլորադոն էլ միացավ Հավայի, Հարավային Դակոտա, Միսիսիպի, Թենես և Վայոմինգ նահանգներին' հաստատելով, որ չի վաճառվում նավթային պաշարներով հարուստ և կոռումպացված Իլհամ Ալիևի վարչակարգին: Մենք հատկապես բավարարված ենք նրանով, որ սենատոր Քրոուդերը բանաձևը հանեց քվեարկությունից այն բանից հետո, ինչ պատկերացում կազմեց Ադրբեջանի ներքին բռնաճնշումների և արտաքին ագրեսիայի վերաբերյալ»,- ասել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

 

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը պատրաստվում էր հունվարի 29-ին քվեարկության դնել վերոնշյալ բանաձևը, որը առաջադրվել էր սենատորներ Լարի Քրաուդերի, Լաուրա Վուդսի և Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Էդվարդ Վիգիլի կողմից: Բանաձևի ընդունումը կանխելու նպատակով կոչով էր հանդես եկել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Այն հորդորում էր հեռախոսակապով կամ էլեկտրոնային փոստով կապվել բանաձևը ներկայացրած սենատոր Լարի Քրաուդերի գրասենյակին և մյուս օրենսդիրներին և հորդորել դեմ քվերակել բանաձևի ընդունմանը: