Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի նախագահականից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ուղղված վերջին հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում խստորեն քննադատել է թուրքական կողմից հնչեցված հայտարարությունը:

 

«Սկանդալային, ոչ ժողովրդավար և ժխտողական ռեժիմը համարձակվում է խոսել դիվանագիտական լեզվի և վիրավորանքների մասին: Համարձակություն ունեցեք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Տիգրան Բալայանը: Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հունվարի 31-ին հայտարարություն էր արել՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի 5-րդ նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:

 

Նա հայտարարել է, թե «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց միջոցով փորձ կարվի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»:

 

Հիշեցնելով «թուրք-հայկական հարաբերությունների կար գավորմանն ուղղված Թուրքիայի նախկին նախաձեռնությունները»՝ Քալընը ասել էր, թե իբր Հայաստանն անպատասխան է թողել թուրքական կողմի բոլոր նախաձեռնությունները: Նա սպառնացել էր, որ «նման վերաբերմունքն ամենից առաջ վնասելու է Հայաստանին և հայերին»: