ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամի մասին, նշել է, որ համաձայն է նրա հետ այն հարցում, որ «հնգյակը» իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, սակայն հավելել է, որ «հնգյակը» դրան չի ձգտում:
«Էրդողանի պերճախոսությունը քաջ հայտնի է: Նա ազատորեն արտահայտվում է ցանկացած թեմայի շուրջ: Ես համաձայն եմ նրա հետ, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակն» իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը: Այն իրավունք չունի և չի էլ հավակնում ունենալ: «Հնգյակը» հավակնում է այն լիազորություններին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնակարգում»,- ասել է Լավրովը լրագրողների հետ զրույցում:
Էրդողանը Անգոլա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել «մի բուռ երկրների» ողորմությանը' Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներին: Նրա խոսքով' մինչ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը: Ի նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «աշխարհը հինգից ավելին է»: