ԱՄՆ-ը կարող է զենքի մատակարարում սկսել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր էլեկտրոնային տարբերակում հաղորդել է The New York Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուն է հակվում Եվրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, ինչպես նաեւ Բարաք Օբամայի վարչակազմի եւ Պենտագոնի բազմաթիվ ներկայացուցիչներ:
«ԱՄՆ-ի նախագահը դեռեւս որոշում չի ընդունել նման օգնություն տրամադրելու մասին: Սակայն մի շարք լուրջ անհաջողություններից հետո, որոնք ուկրաինական ուժերը կրել են վերջին շաբաթներին, Օբամայի վարչակազմը վերստին ուսումնասիրում է ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը»,- նշում է թերթը:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը փետրվարի 5-ին այցով ժամանելու է Կիեւ, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին եւ նախագահ Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը «պատրաստ են քննարկելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը»: