Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը պատրաստվում է լուծարել Հունաստանի միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրահանձնաժողով, Եվրոպայի կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Handelsblatt գերմանական հրատարակությունը՝ հղու մ անելով կառավարական աղբյուրների:

 

Յունկերը, հրատարակության տեղեկատվության համաձայն, մտադիր է շտապ կարգով գտնել «եռյակի» այլընտրանք, որին դեմ է Հունաստանի նոր վարչապետ Ալեքս Ցիպրասը: «Եռյակի» բարենորոգմանը եւ Աթենքի համար ստորացուցիչ տեսչական ստուգումներից հրաժարվելուն համաձայն է նաեւ Գերմանիայի կառավարությունը:

 

Խիստ սահմանափակումների փոխարեն Հունաստանին կարող են առաջադրվել ավելի ընդհանուր տնտեսական նպատակներ: Սակայն Եվրահանձնաժողովն այդ քայլին կգնա միայն այն բանից հետո, երբ Հունաստանի իշխանությունները կհավաստեն հավատարմությունը բարեփոխումների եւ խնայողության քաղաքականությանը, նշում է Handelsblatt-ը:

 

Իր հերթին ՏԱՍՍ-ը, հղում անելով եվրոպական դիվանագիտական մի աղբյուրի, հաղորդել է, որ «եռյակի» լուծարման հարցը կարող է քննարկվել արդեն այս շաբաթ Ցիպրասի Բրյուսել այցի ընթացքում: Այդ քայլը խորհրդանշական զիջում կլինի Աթենքին, որը Հունաստանի կառավարությունը կկարողանա ներկայացնել որպես հաղթանակ Եվրահանձնաժողովի նկատմամբ՝ ընդսմին պահպանելով խիստ խնայողության քաղաքականությունը եւ հրաժարվելով երկրի պարտքի դուրսգրման պահանջից:

 

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը փետրվարի 1-ին հայտարարել է, որ Աթենքը մտադիր է հրաժարվել միջազգային վարկատուներից ունեցած կախվածությունից: Նա նաեւ վերստին ընդգծել է, որ Հունաստանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարել Եվրոխմբի, ԵԿԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ, բայց ոչ «եռյակի» ձեւաչափով նրանց ներկայացուցիչների հետ: Նոր կառավարության գլխավոր նպատակը վարկատուների հետ նոր համաձայնագրի կնքումն է, հավելել է Վարուֆակիսը:

 

Ավելի վաղ Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ չի մասնակցելու Հունաստանի պարտքի դուրսգրմանը կամ վերակառուցավորմանը: Պարտքի դուրսգրման հնարավորությունը բացառել է նաեւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:

 

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հունաստանի տնտեսությունը չի կարողանա արագորեն վերականգնվել, եթե միջազգային վարկատուների «եռյակը» զիջումների չգնա Աթենքի կողմից պարտքի վճարման հարցում:

 

«Չի կարելի շարունակել ճնշումը այն երկրների վրա, որոնց տնտեսությունը դեպրեսիայի վիճակում է: Վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի ներկայացնել տնտեսության աճի ռազմավարություն, որպեսզի երկիրը կարողանա սկսել պարտքի վճարումը՝ դեֆիցիտը նվազեցնելու համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով Հունաստանի իրադրության մասին: