Ընթացիկ տարում զոհված և հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ կարգ ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանների ձեռք բերման պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում կտրամադրվի ընդհանուր առմամբ 500 միլիոն դրամ:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ ԶՍԱՊՎ Բնակարանային ապահովման բաժնի պետ Աշիկ Շլեպչյանը:

 

«Ընտանիքների քանակությունը, որոնց այս տարի հնարավոր կլինի աջակցել բնակարանի գնման հարցում, ներկա պահին դժվար է կանխորոշել, քանի որ դեռ հայտնի չեն բազմաբնակարանային շենքերում բնակարանների եռամսյակային միջինացված գները: Յուրաքանչյուր եռամսյակ կադաստրի պետական ծառայությունը ՊՆ-ին տրամադրում է տեղեկություն Հայաստանի Հանրապետության սահմաններում քաղաքներում բազմաբնակարանային շենքերում միջին շուկայական գները, համաձայն որոնց կատարվում է պետական անհատույց ֆինանսական աջակցությունը», - ասաց Աշիկ Շլեպչյանը:

 

Բնակարանային ապահովման բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ նույն գումարի շրջանակում 2014 թ. բնակարանի ձեռքբերման համար անհատույց պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների 60 ընտանիքների:

 

«Անցած տարի 38 զինծառայողներ ապահովվել են ծառայողական բնակարանով, 1003 զինծառայողի վարձակալած բնակարանի դիմաց տրվել է դրամական փոխհատուցում, որը համարժեք է ծառայողական բնակարանի ապահովմանը, քանի որ եթե տվյալ տարածքում ծառայություն կատարողների համար բացակայում են ծառայողական բնակարանները, ապա զինծառայողներին տրամադրում ենք վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում», - ասաց Աշիկ Շլեպչյանը:

 

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպիսի աջակցության ծրագրեր կան թոշակի անցած զինծառայողների համար, ովքեր նախկինում բնակվում էին ծառայողական բնակարաններում, իսկ ներկա պահին ունեն բնակարանային խնդիր, Աշիկ Շլեպչյանը պատասխանեց, որ կառավարությանը ներկայացված է համապատասխան ծրագրի նախագիծ, որի հաստատման դեպքում 2016 թ. հնարավոր կլինի լուծել նաև թոշակառու զինծառայողների բնակարանային խնդիրները: Նա պատասխանեց, որ ներկա պահին մոտ 600 թոշակառու զինծառայողներ բնակարանային խնդիրներ ունեն: