ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին բնակարանի սերտիֆիկատներ հանձնեց զոհված և 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող 38 զինծառայողների ընտանիքներին:
2017 թվականի ապրիլի 20-ին «Ազգ-բանակ» համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել էր, որ հանձնարարել է Պաշտպանության նախարարին գործուն քայլեր ձեռնարկել զոհված և 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար, և այդ խնդիրը պետք է լուծել 3 տարվա ընթացքում։
«Օգտագործելով Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների՝ մասնավորապես տեսախցիկների կողմից արձանագրված խախտումներից գոյացված գումարի մի մասը՝ նշված խնդիրներն ուղղորդելու շնորհիվ հնարավոր դարձավ ծրագիրն իրականացնել մեկ տարվա ընթացքում»,-նշեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքով `որպես հիմք են ընդունվել համապատասխան համայքներում բնակարանների կադաստրային արժեքները, որտեղ գրանցված են զինծառայողների ընտանիքները:
Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ Զինծառայողների հիմնադրամի միջոցների բավարար լինելու դեպքում նախարարության ծրագրերն ավելի են ընդլայնվելու, և հիմնադրամի ուշադրության կենտրոնում են հայտնվելու մինչ օրենքի ընդունումը զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները: