ԱՄՆ-ում գտնվող Standart & Poor's կազմակերպությունը, որը հանդիսանում է համաշխարհային երեք հայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, Ադրբեջանի միջազգային կրեդիտային վարկանիշը գնահատել է բացասական:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եթե գործակալությունը ժամանակ առաջ Ադրբեջանի վարկանիշը կանխատեսել էր որպես կայուն, ապա այժմ այն փոխարինել է «նեգատիվ» գնահատականով:
Standart & Poor's գործակալության փորձագետները գտնում են, որ Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները լրջորեն նվազել են համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկման պատճառով: Փորձագետները կանխատեսում են, որ 2015 թվականին Ադրբեջանի տնտեսական աճը չի գերազանցի 1,9 տոկոսը:
«Նավթի վաճառքից ձեռք բերվող եկամուտների կտրուկ նվազումը լուրջ բացասական ազդեցություն կթողնի Ադրբեջանի շինարարական հատվածի վրա: Իրավիճակը բարդացնող խիստ կարեւոր գործոններից մեկն էլ այն է, որ ադրբեջանական կառավարությունն անարդյունավետ եւ ոչ ճկուն գործունեությունն է իրականացնում տնտեսական քաղաքականության եւ ֆինանսական բնագավառում», -ասվում է Standart & Poor's-ի տարածած հայտարարության մեջ: