Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ նրա կառավարության աջակցության վարկանիշը շարունակում է ընկնել եւ հուլիսի վերջին նվազել է մինչեւ 36 տոկոսի նշագիծ: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ օգոստոսի 3-ին հրապարակված տվյալները, որը CNews հեռուստաալիքի եւ Huffington post հրատարակության պատվերով անցկացրել է YouGov ծառայությունը:
Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, հուլիսի վերջի դրությամբ ֆրանսիացիների միայն 36 տոկոսն է դրական գնահատում Մակրոնի գործողությունները պետության ղեկավարի պաշտոնում: Մեկ ամսվա ընթացքում վարկանիշի անկումը կազմել է 7 տոկոսային կետ: Դրա հետ մեկտեղ նախագահի աշխատանքին միանշանակ բացասական է վերաբերվում հարցվածների արդեն 49 տոկոսը. դա 13 կետով ավելի է, քան մեկ ամիս առաջ:
Կրճատվել է նաեւ վարչապետ Ֆիլիպի կողմնակիցների թիվը: Նրա վարկանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 2 կետով՝ կանգ առնելով 37 տոկոսի նշագծին: Դրա հետ մեկտեղ հունիսի համեմատությամբ աճել է այն հարցվածների թիվը, որոնք բացասական գնահատականն են ընտրել վարչապետի եւ կառավարության աշխատանքի վերաբերյալ հարցի պատասխանում: Եթե մեկ ամիս առաջ այդպիսիք կազմում էին 31 տոկոս, ապա հուլիսի վերջին նախարարների կաբինետի գործունեությունը բացասական գնահատողների բաժինը հասել է 42 տոկոսի: Սա արդեն առաջին հետազոտությունը չէ, որը վկայում է Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարների ժողովրդականության կտրուկ անկման մասին, ղեկավարներ, որոնք իշխանության են եկել ընթացիկ տարվա մայիսին: Հուլիսի վերջին իր ամփոփագիրն է հրապարակել Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտը, որի տվյալներով նախորդ ամսին Մակրոնի վարկանիշը կրճատվել է միանգամից 10 կետով՝ կազմելով 54 տոկոս: Նոր նախագահի աշխատանքից դժգոհների բաժինը նույն այդ ժամանակաշրջանում ավելացել է՝ 35 տոկոսից հասնելով 43 տոկոսի:
Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հուլիսյան հարցման տվյալներով՝ նվազել է նաեւ Ֆիլիպի վստահության վարկանիշը, որին Մակրոնն այդ պաշտոնին է նշանակել մայիսի սկզբին նախագահական ընտրություններում տարած իր հաղթանակից անմիջապես հետո: Հուլիսին կառավարության ղեկավարի աշխատանքին դրական գնահատական է տալիս հարցման մասնակիցների 56 տոկոսն այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ նրան աջակցում էր հարցվածների 64 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: