Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր Արաբկիրի Կանազի մշակութային կենտրոնում ներդրումներ կատարելու հարցը: Դերասան Հրանտ Թոխատյանն այդտեղ ցանկանում է մշակութային կենտրոնը դարձնել արվեստի դպրոց և մասնակցում էր ավագանու նիստին:
«Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը 10 տարով տրամադրվեց «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին, որը պատկանում է դերասան Հրանտ Թոխատյանին, Արման Թոխատյանին և պրոդյուսեր Արմեն Համբարձումյանին:
Հրանտ Թոխատյանն իր զեկույցում նշեց, որ մեկ մլն դրամի ներդրում է նախատեսվում. «Թեև «Կանազ» մշակութային կենտրոնի շենքը դրսից բարվոք է երևում, սակայն ներսից այն ամբողջությամբ քանդված է և հիմնադրամը 10 տարվա ընթացքում փորձելու է 1 մլն դոլարին համարժեք դրամով վերանորոգել շենքը և այնտեղ հիմնել մանկական թատրոն»,- նշեց Թոխատյանը:
Նա նշեց, որ 10 տարին շատ քիչ է բոլոր ծրագրերն իրականացնելու համար և ավագանուց խնդրեց երկարաձգել շենքի տրամադրման ժամկետը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ասաց, որ այժմ քննարկվում է միայն շենքը 10 տարով տրամադրելու հարցը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Թոխատյանի առնչությունը ՀՀԿ-ի հետ՝ բացասական ֆոն է ստեղծում նրա գործունեույթան հետ կապված. «Կարծում եմ, որ ՀՀԿ-ից հեռու մնալն այս գործունեության ընթացքում շատ կարևոր է լինելու՝ Ձեր նախագծի նակատմամբ վստահություն ունենալու առումով: Մենք հետաքրքրված ենք այս նախաձեռնությամբ և կողմ ենք քվեարկելու, սակայն ուշի ուշով հետևելու ենք Ձեր գործունեությանը և մեկ տարի հետո մենք լինելու ենք Ձեր կենտրոնում և հաշվետվություն ենք խնդրելու՝ հասկանալու համար, թե ինչ գործունեություն եք իրականացրել»,- ասաց նա
Նշենք, որ նախագծին դեմ քվեարկեցին միայն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: