Աշխարհի բոլոր տնտեսագետներն դեկտեմբերի 21-ից սկսած կարող են թոշակի մեկնել: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. նրանք բոլորն իրենց մասնագիտությունից` տնտեսագիտությունից ոչ մի գլուխ չեն հանում: Եթե որևէ մեկն առաջ քաշված այս թեզը նպատակ ունի վիճակրկելու, ապա կարող է բանավեճի բռնվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Հարությունյանի հետ ու նրան ապացուցել սեփական ճշմարտացիությունն ու վերահաստատել մասնագիտական կարողությունների իսկությունը:

Եվ այսպպես` ինչո՞ւմն է խնդիրը: Բանն այն է, որ ՀՀԿ-ական այս պատգամավորն, ի հեճուկս Երկիր մոլորակի բոլոր տնտեսագետների, հայտարարել է, որ մասնավոր ոլորտում աշխատավարձերի բարձրացման խնդիրը որևիցե կապ չունի պետության կողմից վարվող հարկային քաղաքականության հետ: Սեփական «գիտական թեզի» ճշմարտացիությունն ապացուցելու համար տեխնիկական գիտությունների սույն թեկնածուն ձայնի «մուննաթային» տոնով հայտարարել է, թե աշխատավարձ բարձրացնելու համար պետք է արտադրողականություն բարձրացնել. հարկային արտոնություն պետք չէ: Ցանկացած աշխատավարձի բարձրացում, որը հիմնված չէ արտադրողականության բարձրացման վրա, ուղղակի կործանարար է: 

Խոստովանեք, որ եթե նման «փայլուն տրամաբանության» տեր գիտությունների թեկնածուների թվաքանակը Հայաստանում հասներ գոնե 5-ի,ապա խաղաղ օվկիանոսն իսկ Հայաստանի «ծնկներից կլիներ», ու մի ժամում կվերածվեինք «Ամերիկայի»…

Իհարկե, պատգամավորի կարծիքը միմիայն նրանն է, ու ոչ ոք երևիթե իրավունք չունի նրա մտքի թռիչքն արգելակելու (ժողովրդական երկիր ենք` չմոռանանք), սակայն, վստահ ենք, ճշմարտությունը թաքցնելը նույնպես անթույլատրելի զանցանք կլինի այս պարագայում: Ուրեմն` ի գիտություն ընկեր պատգամավորի, ում չգիտես ո՞վ է գիտությունների թեկնածուի բարձր կոչում շնորհել, հայտնենք, որ պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունն ուղղակի ազդեցություն ունի իր իսկ կողմից նշած արտադրողականության բարձրացման հետ: Եթե հարկայինը մարդկանց խեղդում է, ինչպե՞ս պետք է «վրա գան» ու արտադրողականություն բարձրացնեն, որ դրանից հետո էլ մտածեն աշխատավարձ բարձրացնելու մասին: Հասկանալի է, չէ՞, տնտեսագիտության կարևոր օրենքներից մեկի էությունը: Երբ այս կամ այն երկրում այս կամ այն բիզնեսին հարկային արտոնություններ են տալիս, նպատակ են հետապնդում խրախուսել դրա աճն ու նպաստել նույն արտադրողականության բարձրացմանը` հույսով, որ այդ բիզնեսի տերն էլ այնքան բարեխիղճ կտնվի, որ աճելուն զուգահեռ իր աշխատողների աշխատավարձերը համապատասխան չափով կբարձրացնի: Պա՞րզ ենք բացատրում…

Իհարկե, պատգամավոր Հարությունյանի անհասկանալի հարցազրույցի ենթատեքստը միանգամայն պարզ է. նա չի ցանկանում որևէ մեկի մոտ վատամարդ դառնալ ու իբր հակադրվել վերևներին` այդպիսով ի ցույց դնելով համակարգին ցմահ ծառայելու իր պատրաստակամությունը: Վերջին շրջանում հարցազրույց տալը շառոտ զբաղմունք է դարձել մեզանում,ու մարդիկ, ենթադրելի է նաև ՀՀԿ-ական Հարությունյանը, փորձում են շառից, փորձանքից հեռու կենալ:

Յա՛ն տվեք հըլը ի…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ