Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև ապրիլ քայլեր չեն արվի, քանի որ դա հակասում է Անկարայի տրամաբանությանը: Ավելին, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հստակ ծրագիր չունի: Այս մասին թուրքական Daily Sabah պարբերականի հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը' նշելով, թե ապագայում իրական զարգացումները հնարավոր են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արընչը ևս մեկ անգամ խոստովանել է, որ Շվեյցարիայում Հայաստանի հետ կնքած արձանագրությունները, Անկարայի պատկերացմամբ, ներառել են նախապայմաններ. «Մենք ասացինք, որ կբացենք սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք որոշակի պայմանների դեպքում: Պայմաններից մեկը մեր ընկեր և հարևան Ադրբեջանի հետ ունեցած խնդիրն է:

 

Այդ հարաբերության կարգավորման հետ միաժամանակ մենք պատրաստվում էինք քայլեր ձեռնարկել: Գուցե գիտակցաբար' Հայաստանը դրանք մերժեց»: Թուրքիայի փ ոխվարչապետն, այդուհանդերձ, կարծիք է հայտնել, որ հայ ժողովուրդն ու կառավարությունը ցանկանում են ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ:

 

Արընչը խոսել է համատեղ պատմության թեզի մասին' նշելով, որ «անհրաժեշտ է շարունակել պատմական միասնականությունը Օսմանյան կայսրության «ազնիվ մարդկանց»' հայերի հետ»: «Այս միասնականությունը միայն հայերի համար չէ, այն նաև հույների ու հրեաների համար է: Մենք բազմամշակութային հասարակությունից ենք սերում»,- ասել է փոխվարչապետը' հույս ունենալով, որ այս հանգամանքը պետք է հաշվի առնել Թուրքիայի եվրաինտեգրման համատեքստում:

 

Անդրադառնալով լրագրողի ճշտող հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ լավատեսությունը և արդյոք կան դրան ուղղված հստակ քայլեր' Արընչը նշել է, որ դա պարզապես իրենց արտաքին քաղաքական հայեցակարգից է բխում: «Մենք մշտապես մեր հարևանների հետ «զրո խնդիր» քաղաքականություն ենք վարում: Այս համատեքստում մենք չունենք որևէ նոր ծրագիր' կապված Հայաստանի հետ»,- հայտնել է Թուրքիայի փոխվարչապետը' հույս է հայտնելով, որ քաղաքական զարգացումները կարող են հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման: