Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում շարունակում է հույսը պահպանվել: ԱՄՆ Հարվարդի համալսարանում իր ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով այնտեղ էր մեկնել որդու ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին' Գյուլը նշել է, որ իրենք այս հարցին անկեղծորեն են մոտենում: Որպես ասվածի ապացույց նա հիշեցրել է, որ 2008 թվականին ինքը դարձավ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին նախագահը, ով այցելեց Հայաստան: «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հույս դեռ կա»,- ընդգծել է Գյուլը:

 

Անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակած ուղերձին' Թուրքիայի նախագահը հերթական անգամ իր խոսքում նշել է, որ «1915 թվականին Անատոլիայում շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել»: Նա կրկին առաջ է քաշել չարչրկված միտքը թուրքական արխիվների բաց լինելու մասին' ընդգծելով, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է ուժեղ կամք և երկխոսություն:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2008թ. սեպտեմբերի 6-ին ոչ պաշտոնական այցով Երեւան է այցելել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երկու պետությունների ղեկավարները ներկա են եղել Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային խաղին: Հիմք էր դրվել «ֆուտբոլային դիվանագիտության», որը հետագայում վերաճել էր հարաբերությունների կարգավորման մտադրության, անգամ 2009թ. հոկտեմբե րի 10-ին ստորագրվել են հայ-թուրքական երկու արձանագրություններ, որոնք, սակայն, թուրքական կողմը հրաժարվել է վավերացնել' կրելով գործընթացի սառեցման պատասխանատվությունը: