Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը կհաջողվի նշել Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները, այս մասին ՏԱՍՍ ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Ըստ Ռուդենկոյի' Ռուսաստանի ակնկալիքն այն է, որ այդ երկու երկրներում ավելի շուտ գան երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը:
«Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացը առաջ մղելու համար, թե ինչպես կարելի է խթանել հետագա կարգավորման գործընթացը երկու երկրների միջև ընդհանրապես: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են հայտարարությունը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն ՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին:
Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են:
«Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, և նույնիսկ մարդիկ են զոհվում»,- նշել է Ռուդենկոն: