Բրիստոլը դարձել Է Բրիտանիայի առաջին քաղաքը, որտեղ թեստավորվել Է ծրագիր, որի շրջանակներում հասարակական վայրերում ստեղծվում են ծխելուց զերծ գոտիներ բաց երկնքի տակ: Սակայն ծխելու լիակատար արգելք չի սահմանվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Անգլիայի հարավ - արեւմուտքում գտնվող այս քաղաքը, որը հայտարարվել Է «Եվրոպայի 2015 թվականի կանաչ մայրաքաղաքը», գործարկել Է փորձնական ծրագիր, որի շրջանակներում սահմանափակվում Է ծխելն այն վայրերում, որոնք ժողովրդականություն են վայելում ընտանիքների շրջանում:

 

Այս նախաձեռնությունն առաջարկած «Ծխելուց զերծ հարավ - արեւմուտք» կազմակերպության ներկայացուցիչները հուսով են, որ այս կերպ կհաջողվի տեղի բնակչության համար ստեղծել բնապահպանական առումով ավելի նպաստավոր կենսապայմաններ:

 

Ծխողների իրավունքների պաշտպանները հայտարարում են, որ ծխելու դեմ քարոզչական նյութերը հարկադրումներ եւ սպառնալիքներ են բովանդակում:

 

Նյու Յորքը, Տոկիոն եւ Հոնկոնգն արդեն ծխելու արգելք են սահմանել բաց երկնքի տակ գտնվող առանձին հասարակական վայրերում, որոնք ժողովրդականություն են վայելում: