«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն իրեն պատկանող «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և ողջ աշխատակազմին հանձնարարել է պատրաստվել ընտրություններին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Նա աշխատակազմի ղեկավար կազմին հանձնարարել է այդ ուղղությամբ խոսել բոլոր բժիշկների ու մյուս աշխատողների, նույնիսկ հիվանդների հետ, նրանց բացատրել, որ միակ արժանի թեկնածուն Ս. Սարգսյանն է: Մենք փորձեցինք այս տեղեկատվության հետ կապված մեկնաբանություն ստանալ «Նաիրի»-ի ղեկավարությունից, բայց դա չհաջողվեց:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ Ս. Սարգսյանը Տավուշում մասնակցում էր «Տավուշ» բժշկական կենտրոնի բացմանը, որի հիմնադիրն էր Հ. Քուշկյանը: Եվ այդ բացման ժամանակ էլ վերջինս հայտարարեց, որ պաշտպանելու է Ս. Սարգսյանին: «Պարոն նախագահ, ձեզ հաջողություն եմ մաղթում, ցանկանում եմ, որ դուք հաղթեք»,- հայտարարել էր Հ. Քուշկյանը:
Ընդ որում, մեր տեղեկություններով, Հ. Քուշկյանը Ս. Սարգսյանին պաշտպանելու հանձնարարություն է տվել ոչ միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում, այլև իր ազդեցության տակ գտնվող բոլոր բուժհիմնարկներում:
Ավելացնենք, որ մամուլում հրապարակումներ կան, թե Հ. Քուշկյանը կարող է դուրս գալ ԲՀԿ-ից: Հիշեցնենք նաև, որ վերջինիս քույրը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, և քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ նախկին նախարարը ևս համալրի ՀՀԿ-ի շարքերը:
Իսկ Հ. Քուշկյանից այս օրերին հնարավոր չի լինում իր ապագա քաղաքական գործունեության հետ կապված որևէ մեկնաբանություն ստանալ: