Արցախում առկա են բոլոր հնարավորությունները՝ արագ տեմպերով զարգացնելու առողջապահության ոլորտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում նշել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը' հավելելով, որ ներկայումս նախարարության հրավերով պարբերաբար Արցախ են այցե լում Հայաստանի և արտասահմանի առաջատար մասնագետներ, որպեսզի ժամանակակից բժշկագիտական ձեռքբերումներն առաջավոր փորձի փոխանակման արդյունքում իրենց կիրառությունը գտնեն նաև այստեղ: «Առողջապահության ոլորտի արագ զարգացումն, ըստ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, և մենք պարտադիր կյանքի ենք կոչելու այն խնդիրների լուծումները, որոնք այսօր դրված են մեր առջև»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը: Քուշկյանի հաղորդմամբ, նախարարության կողմից ծրագրված ժամանակացույցի hամաձայն' շաբաթը մեկ անգամ Ստեփանակերտի և շրջանային հիվանդանոցներ են այցելելու ՀՀ և արտասահմանյան առաջատար մասնագետներ, ովքեր տեղերում իրենց արցախցի գործընկերների հետ բարդ վիրահատություններ են կատարելու: Պարբերաբար այցելությունների մեկնարկն արդեն տրված է, մասնավորապես, օրեր առաջ Արցախում էր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն, ով Շուշիում 43 վիրահատություն է կատարել, իսկ այս օրերին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում բուժզննում և խորհրդատվություններ է իրականացնում Ռուսաստանից ժամանած Մոսկվայի' Սեչենովի անվան բժշկական ակադեմ իայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Ժոլոբովան:
Նախարար Քուշկյանը կարևորեց նաև տեղի կադրային ներուժի մեծ հնարավորություններն, որոնք համագործակցության դեպքում լավ արդյունքներ են խոստանում: «Մեր կարգախոսն այն է, որ արցախցին պիտի բուժվի Արցախում: Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի մեր բնակիչները միայն եզակի դեպքերում բուժվեն այլ վայրերում: Առաջիկայում ծրագրում ենք բարդ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներ ձեռքբերել, որոնք հնարավորություն կտան այդպիսի վիրահատությունները նույնպես տեղում իրականացնելու»,-մանրամասնեց Հ. Քուշկյանը' ավելացնելով, որ ծրագրված է ընթացիկ տարվա սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին Հանրապետական հիվանդանոցում տեղակայել «Անգեոգրոֆ» սարքավորումը, որը հնարավորություն կընձեռնի կատարել սրտի ստենդավորում, իսկ մինչ այդ կվերապատրաստվի նաև համապատասխան մասնագետը:
Անդրադառնալով առողջապահության նախարարության ընթացիկ աշխատանքներին' Քուշկյանը տեղեկացրեց, որ մեկ-երկու ամսից կբացվի Մարտունու նորակառույց հիվանդանոցը, որը կապահովվի անհրաժեշտ գույքով, դեղորայքով, բուժպարագաներով և ժամանակակից սարքավորումներով: Նույն ժամանակահատվածում նախատեսված է նաև Կովսականի հիվանդանոցին անհրաժեշտ բուժպարագաների և սարքավորումների տրամադրումը: Գերատեսչության ղեկավարի խոսքով, առաջիկայում ծրագրված է փոքր, սակայն ժամանակակից պահանջներին համապատասխան հիվանդանոցների բացում Գետավանում, Քարվաճառում և Ասկերանում:
Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կարդիականացվի շտապօգնության ծառայությունը: «Այդ առումով կունենանք կենտրոնական դիսպետչերական ծառայություն՝ հատուկ ծրագրերով: Կանչն ընդունելուց հետո շատ արագ կորակավորվեն դրա առանձնահատկությունները, և ըստ այդմ էլ կուղարկվեն համապատասխան բժիշկներ: Բացի այդ նոր դեղորայքով կհամալրվեն շտապօգնության բժշկական պայուսակները, որոնք կներառեն առաջին բուժօգնության բազմաթիվ դեղամիջոցներ: Փոփոխություններ կլինեն նաև շտապօգնության աշխատակիցների համազգեստների առումով»,-մանրամասնեց Քուշկյանը:
Խոսելով ոլորտի խնդիրների մասին' առողջապահության նախարարը նկատեց, որ դրանք, լինեն առօրյա, թե համակարգային, բոլորն էլ լուծելի են, հատկապես, երբ բոլոր պատասխանատուների և իր մոտ առկա են լավատեսական տրամադրվածությունն ու հավատը՝ Արցախում առողջապահական բնագավառի մեծ առաջընթացի նկատմամբ: