Անգլերեն լեզվի ուսուցման բնագավառում իր գործունեությամբ և հեղինակած գրքերով հայտնի Ջիմ Սքրիվեները Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան կժամանի փետրվարի 13-ին և մինչև փետրվարի 15-ը կանցկացնի բաց դասախոսություններ անգլերենի ուսուցիչների, դասախոսների, մասնագետների, ուսանողների և անգլերենի դասավանդմամբ հետաքրքրվողների համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդից, երեք օրվա ընթացքում նա հանդես կգա չորս դասախոսությամբ' ներկայացնելով ուսուցիչներին անհրաժեշտ այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնց շնորհիվ անգլերենի ուսուցումը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և մեթոդներին: Դասախոսություններն անվճար են նախնական գրանցմամբ (www.britishcouncil.am): Դասախոսությունները տեղի կունենան Հայաստանում Ամերիկյան համալսարանում և «Անի Պլազա» հյուրանոցում:

 

Ջիմ Սքրիվեները Միացյալ Թագավորությունում հայտնի գրող է, խորհրդատու և դասընթացավար: Նա համագործակցում է Bell Teacher Campus-ի հետ, որը Քեմբրիջի համալսարանի մաս է: Ջիմ Սքրիվեները հայտնի է անգլերենի ուսուցման վերաբերյալ իր գրքերով, ինչպիսիք են «Learning Teaching», «Teaching English Grammar» և «Classroom Management Techniques»:

 

Նրա գրքերը երկու անգամ արժանացել են «Duke of Edinburgh English Speaking Union»-ի մրցանակներին: Նա երեք անգամ ներկայացվել է Բրիտանական խորհրդի ELTON ուսուցման ոլորտում նորարարության համար տրվող մրցանակին: Նրա վերջին գիրքը ուսանողների համար է և կ ոչվում է «Visual Grammar 1 and 2»:

 

Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձառություն: Հայաստանում Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացնում ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական կազմակերպությունների համար: 56 երկրում գործող 128 ուսումնական կենտրոնների շնորհիվ Բրիտանական խորհուրդը հայտնի է անգլերեն լեզվի ուսուցման իր նյութերով, փորձով ու վարկանիշով: