Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, կժամանի Մոսկվա' մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարությանը, եւ նման հնարավորությունը քննարկվում է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, երեկ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

 

Ակնարկելով այն մասին, որ Անկարան սպասում է Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած Էրդողանի հրավերի պատասխանին, թուրք դեսպանն ասել է. «Այո, կա երկու կողմերի փոխադարձ հրավեր, որին մեծ նշանակություն է տրվում: 70-ամյակի հետ կապված Էրդողանի վերջնական օրացույցը դեռեւս հաստատված չէ»: Նա նաեւ հույս է հայտնել, որ այդուհանդերձ, 2015 թվականին ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հերթական հանդիպում տեղի կունենա, հնարավոր է' Ռուսաստանում:

 

Պուտինն ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել են Անկարայում անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին: Նախագահների առանձնազրույցը տեւել է 3 ժամ. քննարկվել են, մասնավորպես, Սիրիայում իրավիճակի կարգավորման մոտեցումները, ներուկրաինական ճգնաժամը: Պուտինի Թուրքիա այցի ընթացքում հայտարարվել է Սեւ ծովի հատակով նոր գազատարի շինարարության մասին: Նոր գազատարը պետք է կառուցվի «Հարավային հոսք» գազատարի փոխարեն: