Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պաշարները, 2015 թվականի հունվարի 31-ի դրությամբ, կազմել են 12 մլրդ 680,8 մլն դոլար, այն դեպքում, երբ 2014 թվականի վերջին դրանք կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս Ազերբայջան» լրատվական գործակալությունը' հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ պաշտոնական կայքին:

 

Այսպիսով, միայն 2015 թվականի հունվարին Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պաշարները 7,83 տոկոսով կամ 1 մլրդ 44,5 մլն դոլարով նվազել են:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պաշարները նվազում են 6-րդ ամիսն անընդհատ: 2014 թվականին Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պաշարները նվազել էին 2,78 տոկոսով:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 36 դոլարով ցածր է:

 

Ադրբեջանի «Ումիդ» կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Իգբալ Աղազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել էր, որ երկրի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Նավթի գների անկման հետ կապված' Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների եւ աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել: