Ադրբեջանը մոտ ապագայում կարող է զրկվել իր արտարժույթի պաշարներից: Երկրի արտարժույթի պաշարները կարող են ծախսվել մանաթի կայունացման վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ԱՄՆ-ում հայտարարել է Ադրբեջանում վերջերս ստեղծված «ADR շարժում» կառույցի նախագահ, ճանաչված տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն:
«Չնայած մարտին մեծ թվով տոնական օրերին, երբ արտարժույթի սակարաններն ու բանկերը չեն աշխատել, Ադրբեջանի կենտրոնական բանկը մանաթի փոխարժեքը պահպանելու համար 600 մլն դոլար է նետելարտարժույթի շուկա: Եվ դա արվել է մարտին' փետրվարին ադրբեջանական մանաթի հզորագույն' 34 տոկոսով արժեզրկումից հետո: Դրամային զանգվածների կառավարման ոլորտում եւ արտարժույթի շուկայում ներկայիս իրավիճակը Ադրբեջանի կենտրոնական բանկից ավելի մեծ օպերատիվություն եւ անհրաժեշտ արագ որոշումների ընդունում, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության ռազմավարության վերանայում է պահանջում: Հակառակ դեպքում' դոլարի պահանջարկով ծագած հոգեբանական ճնշման աճը եւ նավթի գների անկման պատճառով նավթագազային էկոնոմիկայի վրա ճնշման լծակների ակտիվացումը կբերեն արտարժույթի պաշարների խիստ կրճատման կամ ընդհանրապես դրանց կորստին: Դիտարկումները ցույց են տալիս, որ այս պայմաններում մանաթի ներկայիս հարաբերական ցածր փոխարժեքի պահպանումը արտարժույթի մշտական ինտերվենցիաներ են պահանջում», -ասել է ադրբեջանցի տնտեսագետը:
2014 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում մանաթի փոխարժեքը նախկին' մեկ դոլարի դիմաց 0,807 մակարդակի վրա պահելու համար Ադրբեջանի ԿԲ-ն 5 մլրդ դոլար է ծախսել: Ադրբեջանի ԿԲ նախագահը վերջերս խոստովանել էր, որ անցյալ տարվա կեսերից ամեն ամիս 500 մլն դոլարից ավելի արտարժույթ են բաց թողել ներքին շուկա' մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (EIA) հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվելու դեպքում եկող տարի նավթի գինը կարող է ընկնել եւ մեկ բարելի դիմաց հասնել մինչեւ 15 դոլարի, ինչը նշանակում է, որ եթե Ադրբեջանը չհրաժարվի մանաթի փոխարժեքը ազատականացնելու եւ այն կայուն պահելու վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու քաղաքականությունից, ապա շատ կարճ ժամանակում կսպառի արտարժույթի իր ամբողջ պահուստը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը հայտնել է, որ Իրանի շրջադարձը նավթային շուկա կարող է ռիսկի ենթարկել գների կայունացման հնարավորությունը:
Այսօրվա տվյալներով' միջազգային ապրանքային սակարաններում նավթի մեկ բարելի գինը տատանվում է 45-55 դոլար սահմաններում եւ նվազելու միտում ունի: Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 45 դոլարով ցածր է: