Քաղաքացի Արթուր Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Ե րևանի քաղաքապետարանի որոշումներով քաղաքացի Արթուր Կ.-ին պատկանող ՍՊ ընկերությանը տրամադրվել է 90 հազար քառակուսի մետր հողատարածք' բնակելի թաղամաս կառուցելու նպատակով: Արթուր Կ.-ն, թաղամաս կառուցելու փոխարեն, ընկերությանը տրամադրված հողատարածքը մաս-մաս վաճառելու, դրա արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու և այդ կերպ գերշահույթ ստանալու մեկ միասնական դիտավորությամբ հողատարածքը բաժանել է առանձին հողակտորների: Նա, իր ՍՊ ընկերությունից բացի, հիմնել է մեկ այլ ՍՊ ընկերություն ևս և այդ ընկերությունն է փոխանցել վերը նշված հողակտորներից 11 հազար քառակուսի մետր մակերեսով հողակտորը, որն էլ 5 մլն 500 հազար ԱՄՆ դոլար գումարով վաճառել է քաղաքացի Արմեն Կ.-ին:

 

Արթուր Կ.-ն, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրենը և 100% բաժնեմասի տերը, Մելիք Հ.-ի հետ կնքել է ընկերության ամբողջ բաժնեմասի առուվաճառքի ձևական պայմանագիր և 11 հազար քառակուսի մետր հողակտորը 241 հազար 300 ՀՀ դրամ գումարով Մելիք Հ.-ին վաճառելու պատրվակով քողարկել է առանց օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորված 5 մլն 500 հազար ԱՄՆ դոլար գումարով հողակտորը Արմեն Կ.-ին վաճառելու փաստը: Այդ կերպ, Արթուր Կ.-ն չարամտորեն խուսափել է նշված հողակտորի վաճառքից պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի' 559 մլն 937 հազար ՀՀ դրամի հարկերը վճարելու ց:

 

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ Արթուր Կ.-ն իր ընկերությանը պատկանող ընդհանուր 2 հազար քառակուսի մետր հողակտորը 500 հազար ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Սուրիկ Խ.-ին, կնքել է անշարժ գույքի ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրեր, համաձայն որոնց' ընդհանուր 2 հազար քառակուսի մետր հողամասը վաճառել է 39 մլն 600 հազար ՀՀ դրամ գումարով' այդ կերպ չարամտորեն խուսափելով պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի' 37 մլն 425 հազար ՀՀ դրամ հարկերը վճարելուց:

 

Արթուր Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: