Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ջերմ ընդունելության համար: «Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար:
Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը և այդ համատեքստում կարևորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նոր նախագծերի իրականացումը: Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առևտրաշրջանառության աճի խթանման, նոր ն երդրումների ներգրավման և նոր շուկաների ձեռքբերման համար:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև անցած տարի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ կունենա Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպումից հետո վարչապետ Աբրահամյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդրանիկ նիստին: