Փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ անօրինական միգրացիայի հակազդման գործում արդյունավետ համագործակցելու համար մի շարք պաշտոնատար անձինք արժանացան խրախուսանքների:
Նիստի օրակարգում մի շարք հրատապ և հեռանկարային հարցեր էին: Մասնավորապես՝ ՀԱՊԿ ձևաչափով անօրինական միգրացիայի հակազդման օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ գործողությունների կազմակերպումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում, Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա աշխատուժի ներգրավման և օգտագործման կարգավորման բնագավառի նորամուծությունները, անօրինական միգրացիայի հակազդման ընդհանուր մոտեցումների մշակումը՝ Եվրասիական տնտեսական միության գործառման լույսի ներքո, ապաստարան փնտրող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքի ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակներում տարածաշրջանային համակարգի ստեղծման, ինչպես և տեղեկատվության կանոնավոր հավաքման, մշակման ու փոխանակման կոնտակտային կետերի հետագա գործունեության և այլ խնդիրներ:
Օրակարգային հարցերի մանրամասն և առարկայական քննարկումից հետո ստորագրվեցին անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երևանյան նիստի ամփոփիչ փաստաթղթերը: