ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանի տեղակալ Նիկոլա Ֆայը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում դեսպանը նշել է, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայերի, և այսօր 500 000-անոց հայկական համայնքի ներկայացուցիչները գործունյա են, շատ լավ կազմակերպված և լիովին ինտեգրված ֆրանսիական իրականությանը: Նա փաստել է, որ Ֆրանսիայի գնահատանքը արտահայտվել է հայկական կազմակերպությունների ամենամյա հավաքին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ և այնտեղ հնչած նրա խոսքով: Հայկական համայնքը հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի մասին վկայող կարևոր օղակ է:

 

Դեսպանը կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը և համագործակցության հետագա խորացումը և այդ գործընթացում ֆրանսիայի հայկական համայնքի ներուժի արդյունավետ օգտագործումը:

 

Շնորհավորելով Ֆրանսիայի դեսպանին պաշտոնավարման առիթով' նախարար Հրանուշ Հակոբյանը ասել է. «Ուրախ եմ, որ Դուք կարևորում եք տնտեսական համագործակցությունը, ցանկալի կլիներ, որ այն կարողանայինք բարձրացնել մեր երկրների քաղաքական երկխոսության մակարդակին:

 

Պատահական չէ, որ «Շարլի Էբդոյի» ողբերգությունը մեր ժողովուրդը համարեց իր ցավը: Այդ առիթով ես ևս իմ խորին ցավակցությունն եմ հայտնում: Այդ կրակոցներն ուղղված էին ոչ միայն խոսքի ազատության, այլև մարդկության և բարձր ժողովրդավարության հասած ժողովրդի դեմ: Ակնհայտ է, որ այսօր ոչ մի երկիր ապահովագրված չէ նման ահաբեկչական գործողություններից: Մենք բոլորս միասնաբար պետք է պայքարենք այդ չարիքի դեմ: Ես առնչվում եմ աշխարհի 100 երկրի 7 մլն հայության հետ: Պետք է ասեմ, որ ֆրանսիահայերն առանձնահատուկ հպարտությամբ են խոսում իրենց և՛ ազգային արմա տի, և՛ Ֆրանսիայի քաղաքացի լինելու մասին, որը հրաշալի է բանաձևել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը' ասելով' «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով' հայ»:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք տարվում են Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատների, մասնավորապես, Մարսելի պալատի հետ: Նա կարևորել է Հայ առևտրաարդյունաբերական պալատների ցանցի (ՀԱՑ) գործունեությունը, որի մասնաճյուղերը տարածված են աշխարհի տարբեր երկրներում, և որի վերջին երկու համաժողովները կայացել են Փարիզում և Մարսելում, իսկ 2015թ. մայիսին համաժողովը կկայանա Երևանում: Նախարարը հույս է հայտնել, որ դեսպանը կմասնակցի համաժողովին և իր հեղինակավոր խոսքով կոգևորի գործարարներին, որը կնպաստի ինչպես ն որ ներդրումներ բերելու Հայաստան, այնպես էլ երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

 

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ նախարարության համագործակցությանը և նշել, որ ուսանողները կարող են իրենց պրակտիկան անցկացնել Սփյուռքի նախարարությունում' նպաստելով նախարարության կայքերի և էլեկտրոնային պարբերականի ֆրանսերեն տարբերակի ստեղծմանը:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է ապրիլի 24-ին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

 

Նա ներկայացրել է նաև Մարսելում Հայաստանի տարվա միջոցառումները:

 

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել առանձնահատուկ ջերմ ընդունելության համար և իր գոհունակությունը հայտնել հայ-ֆրանսիական գործարար կապերի և առևտրատնտեսական հարաբերություննների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքնեի վերաբերյալ:

 

Վերջում նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը և աշխարհի տարբեր երկրներում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողների' «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը: