Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ռուս - հայկական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա:
Այն հարցին, թե ինչպես ընդունեց պարոն Վոլինկինին Հայաստանը և ինչ տպավորություններ նա ունի, դեսպանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ Հայաստանում եղած առաջին իսկ օրերին ինձ մոտ առաջացան ամենաբարի և դրական զգացողությունները: Ես եկել եմ այստեղ լավ զգացմունքներով և մեծ ուրախությամբ: Այստեղ հանդիպեցի ջերմ, հյուրընկալ ազգի, հանդիպեցի շատ լավ մարդկանց և Հայաստանում ձեռք բերեցի հրաշալի ընկերներ: Սովորեցի շատ նոր ու հետաքրքիր բաներ: Ես կարող եմ ասել, որ իմ աշխատանքային առաջին տարին ինձ տվեց մեծ տպավորություններ ու դրական հույզեր: Ես կարծում եմ, որ իմ հետագա աշխատանքը նույնպես կընթանա այդ դրական տպավորություններով: Նման ակնկալիքները կապված են երկրի ակտիվ և հետաքրքիր կյանքով. ներքին քաղաքական կյանքը դինամիկ է, երկկողմ հարաբերություններն աճ են գրանցում, մշակութային և հասարակական միջոցառումները շատ և բազմազան են: Ինչ վերաբերում է մշակութային կյանքին' ուզում եմ ասել, որ իմ բոլոր սպասելիքները գերազանցվեցին: Ես չէի էլ պատկերացնում, թե ինչ հարուստ է Հայաստանի մշակութային կյանքը, այստեղ բառացիորեն ամեն օր ներկայացումներ են, բեմադրություններ, համերգներ և ցուցահանդեսներ»:
Լրագրողի դիտարկմանը, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքում վերականգնվեց պատմական Ռուսաստանի ամբողջականությունը, Ղրիմը կարո՞ղ է Ղարաբաղի համար նախադեպ դառնալ, դեսպանը պատասխանել է.
«Գիտե՞ք, այդ հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխան տալ: Երևի թե հարկավոր է դատել այն բանից, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման իրավունք ունի: Եվ այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք տվյալ ազգն ինքնորոշվել և անկախություն ստանալ, կախված է կոնկրետ պատմական հանգամանքներից: Ռուսաստանը Ղրիմը ցանկացած գնով վերադարձնելուն չէր ձգտում, պարզապես այդ պահին այդպես եղավ, իրավիճակից ելնելով, քանի որ Ղրիմի ռուսալեզու բնակչությունը չէր կարող կառավարվել ֆաշիստական տարրեր ունեցող իշխանությունների կողմից»,- նշել է դեսպանը: