Հայաստանի և Արգենտինայի միջև առկա է բավական բարձր մակարդի սերտ համագործակցություն: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունները կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝ պաշտոնական հատված և երկու ժողովուրդների միջև կապեր: Երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները սկսվել են ավելի վաղ ժամանակներից, երբ հայերը 20-րդ դարի սկզբից այցելեցին Արգենտինա: Այդ ժամանակ շատ ազգերի ներկայացուցիչներ էին գալիս Արգենտինայում հաստատվելու: Տարիների ընթացքում հայկական համայնքը դարձավ մեր երկրի կարևոր դերակատարում ունեցող համայնքներից մեկը: Արգենտինայի հայ համայնքն էլ հիմք դարձավ հետագայում Հայաստանի ու Արգենտինայի միջև ամուր, սերտ կապերի զարգացման համար»,-ասաց դեսպանը:
Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի խոսքով, երկու երկրների միջև բավական ուժեղ, սերտ համագործակցություն կա: Այդ մասին է խոսում պաշտոնական հանդիպումների վիճակագրությունը: Հայաստանի 3 նախագահները, արտաքին գործերի նախարարներն այցելել են Արգենտինա, Արգենտինայից արտաքին գործերի 3 նախարարներ այցելել են Հայաստան: Դեսպանը նշեց, որ 26 տարիների ընթացքում քաղաքական բարձր մակարդակի բոլոր այդ այցելությունները, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն արդյունք են երկու ժողովուրդների միջև վաղուց ձևավորված բարեկամական հարաբերությունների:
Այս տարի նշվում է Արգենտինայի անկախության 202-րդ տարին: Դեսպանի խոսքով, անկախության գործընթացը սկսվել է 1816 թվականից 300 տարի առաջ: 1810-16 թվականներին եղավ գործընթացի ավարտը, որը նշանավորվել Անկախության հռչակագրի ընդունմամբ:
«Աշխարհի բոլոր ժողովուրդների համար Անկախության օրը յուրահատուկ է, այն խորհելու մտածելու լավ առիթ է, հասկանալու, թե ինչ է արվել 200 տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է տոնը նշելուն, ապա բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված»,-հավելեց դեսպանը: