Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ զարգացում են ապրում, իսկ Փաշինյանի կառավարությունը շատ փորձագետներ անվանում են պրո-արևմտյան: Սակայն, այդպե՞ս է դա արդյոք: Փորձենք համեմատել՝ ՀՀ ղեկավարներից ում օրոք և ինչ հաջողություններ են գրանցվել երկկողմ հարաբերություններում;
Եվ այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ԱՄՆ դեսպանություն է հիմնել Երեւանում: 1992թ. մարտին Վաշինգտոնում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: 1995թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հիմնվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Տեր-Պետրոսյանի շրջանում ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել «Առավել բարենպաստ պետություն» կարգավիճակ, ինչը մեկ պետության կողմից մյուս պետությանը առևտրային առավել շահեկան պայմաններ է շնորհում։ 1992 թվականի փետրվարին 11-ին ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը տարածաշրջանային այցով ժամանեց նախկին ԽՍՀՄ երկրներ, այդ թվում' Հայաստան։ Սա երբևէ Հայաստան ժամանած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձի այցն էր և հաջորդ նման մակարդակով այց տեղի ունեցավ միայն 18 տարի անց, երբ 2010 թվականին Հայաստան այցելեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ 1992 թվականի օգոստոսին, ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության Աջակցության Ակտ» օրենքը (Freedom for Russia and Emerging Eurasian Democracies and Open Markets Support Act of 1992), որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ձևավորելու ժողովրդավարական վարչակարգ և ազատական տնտեսություն: 1994 թվականի օգոստոսին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած այցը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ դեռևս միակ պետական այցն է: 1991-2001 թթ. ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի մարդասիրական եւ տեխնիկական օժանդակություն,
2000 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Վիլյամ Ջեֆերսոն Քլինթոնի հետ: ՀՀ նախագահը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև փոխնախագահ Ալբերտ Գորի, հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ղեկավար դեսպան Թեյլորի, Կոնգրեսի' «Հայաստանի հարցերով խմբի» անդամների, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի այլ անդամների հետ: Նախագահ Քոչարյանը զրուցել է նաև ԱՄՆ Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի նախագահ Ջորջ Մունոզի հետ:2005-2014թթ.՝ 413 մլն դոլարի աջակցություն: Հայաստանը, բնակչության մեկ շնչի հաշվով, աշխարհում ԱՄՆ օգնության մասով 2-րդ տեղում էր՝ Իսրայելից հետո: Ակտիվորեն աշխատել է 2000 թվականի սկզբին՝ երկկողմ տնտեսական կապերն ամրապնդելու եւ Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության լավագույնս օգտագործումը ապահովելու նպատակով ստեղծված հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խումբը
Նախագահի պաշտոնը ստանալուց՝ 2008-ի ապրիլից ի վեր, Սերժ Սարգսյանը յոթ անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, սակայն նրան չի հաջողվել ընդունելության արժանանալ Սպիտակ տանը: Սարգսյանին հաջողվել է երկու կարճ հանդիպում ունենալ Բարաք Օբամայի հետ: Հայաստանը ներգրավվել է Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում՝ ԱՄՆ և ՆԱՏՕ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններում: 2017թ. մայիսի 17-ին վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այդ բնագավառում ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունների ու 8 մլրդ ԱՄՆ դոլար ներդնելու հնարավորության մասին հուժկու երկրաշարժի էֆեկտ թողեց: Աճ արձանագրեց նաև ամերիկյան կապիտալով ընկերություններիթիվը ՀՀ-ում; էներգետիկայի ոլորտում համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ,:հանքարդյունաբերության ոլորտում էլ «Լիդիան Ինթերնեյշնլը» շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում է կատարել:
Հետհեղափոխական Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերությունների հետ առնչվող երեք դիտարժան փաստեր կան՝ մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի այցը Հայաստան, հունիսի 29-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն ԱՄՆ եւ նրա հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Սակայն այս այցերի արդյունքներն անհայտ են: Փաշինյանը մեկ անգամ է այցելել ԱՄՆ, հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների, քաղաքապետի հետ, մասնակցել վերջինիս անունից տրված պաշտոնական ընդունելությանը, ներկա գտնվել գալա ընդունելությանը, որին մասնակցել են համայնքի շուրջ 700 ներկայացուցիչներ, ելույթ է ունեցել Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին: Միևնույն ժամանակ անցած երկու տարիների ընթացքում ԱՄՆ առևտրի նախարարությունը աշխարհի ավելի քան տասը երկրներում գործող մի շարք ընկերություններ ներառել է սև ցուցակում: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև երկու ընկերություն Հայաստանից՝ «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ): Հայ-ամերիկյան հարաբերությունները այնքան աննախադեպ են, որ Հայաստանի դեսպանությունն ամերիկացի լոբբիստներ է վարձել՝ պետքարտուղար Պոմպեոի հետ հանդիպումը գլուխ բերելու համար, եւ նրանց բարձր գումարներ են վճարում պետբյուջեից: Մեկը նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլն է:
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի նշած հարաբերությունների աննախադեպ մակարդակը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իսկ ԱՄՆ հետ հարաբերությունների լարվածության հիմնական պատճառը ՝ Փաշինյանի ցանկությունն է նստել միանգամից երկու աթոռի վրա և կոմպլիմենտար արտաքին քաղաքականության բացակայությունը: Նախկինում ՀՀ ղեկավարներին հաջողվում էր պահպանել բալանսը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում, անգամ, եթե դա արվում էր միջանձնային բարեդրացիական հարաբերությունների հաշվին, որի գործոնը Փաշինյանի դեպքում նույնպես բացակայում է: