ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ նամակ են հղել երկրի պետքարտուղար Ջոն Քերիին' պահանջելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրակարգ բերել այդ երկրում արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդ լրագրողների վերջին օրերին ձերբակալության հարցը:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը' նշելով, որ ամերիկացի կոնգրեսականները նման քայլի են դիմել' մեկ օր առաջ New York Times թերթում կարդալով Թուրքիայում հակաժողովրդավարական գործողությունների պատճառով Էրդողանի վարչախմբին քննադատած Գյուլենի հոդվածը:

 

 

ԱՄՆ կոնգրեսականները նամակում նշել են, որ Էրդողանը լրագրողների, իրավաբանների, փաստաբանների եւ ոստիկանների զանգվածային ձերբակալություններ է սկսել այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բացահայտվել են նրա որդու, դստեր եւ փեսայի միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները:

 

 

«Այդ ձերբակալություններից հետո Թուրքիայում 400-ից ավելի մարդու սկսեցին հետեւել Twitter-ում, որոնցից 150-ը «գյուլենական համայնքի» ներկայացուցիչներ են, ինչից հետո Էրդողանի հրահանգով այդ սոցիալական ցանցն արգելափակվեց: Էրդողանն ընտրել է իրեն քննադատող ընդդիմությանը այդ ճանապարհով լռեցնելու ուղին:

 

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից եւ ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ դնի մամուլի ազատության եւ ընդդիմադիր ձայների դեմ իր ոտնձգությունները», -նամակում նշել են կոնգրեսականները: