Շուռնուխում, թեև իրավիճակը լարված է և անհանգստություն կա, բայց բողոքի ակցիա չենք իրականացնում, նույնիսկ դրա ժամանակը չունենք. այս պահին քննարկում ենք կանանց և երեխաներին գյուղից տարհանելու հարցը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:
«Դեպի Շուռնուխ՝ ճանապարհը փակ է: ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ «ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու», բա ինչպե՞ս, հիմա, փաստորեն, վտանգված է և՛ Ղափանի, և՛ Շուռնուխի հատվածը, իսկ Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ հայտարարության մեջ որևէ խոսք չի եղել: Ասում են՝ Կապանի այդ դիրքերն իրենցն են, նախարարն էլ ասում է՝ այդ եռակողմ հայտարարությունը միայն Ղարաբաղին է վերաբերում, իրար հակասող բաներ են ասում, որից տուժում ենք մենք, իսկ մինչև երեկ նույնիսկ քարտեզ չունեին»,- անհանգստացած ասում է Արշակյանը:
Երեկ երեկոյան Արշակյանը կամավորներին կոչ էր անում՝ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար:
Մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց, որ տղաների մի մասն արդեն հասել է, մյուս մասը ճանապարհին է. «Իրենք այն տղաներն են, որ Ջաբրայիլից կռվելով եկել են Խնձորեսկ, պահել դիրքերը, ու, քանի որ զորք կար, տղաները հետ էին գնացել, բայց իմ կոչից հետո եկել, հասել են: Երևանից, նույնիսկ, Ստեփանակերտից էլ են տղաներ գալիս, ու իրենց համար կարևորը իրենց հայրենիքը պաշտպանելն է, պիտի ամեն ինչ անենք, որ ապահովենք գյուղացիների անվտանգությունը»:
Գյուղապետի խոսքով՝ ՊՆ-ն արդեն դուրս է բերել զորքը մի շարք տարածքներից, մասնավորապես՝ Շուռնուխի դիրքերից, իրենք էլ ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում:
Հարցին, թե ՊՆ-ից այլևս արձագանքներ չեն եղել, գյուղապետն ասաց, որ այդ կառույցը գոյություն չունի, զորքին տանում են, ժողովրդին թողնում՝ բախտի քմահաճույքին. «Մենք ունե՞նք Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանին տեսնես՝ ասա՝ «գնա, տիրություն արա»: Թող գա, պարտիզանական ջոկատ կազմի էստեղ՝ գոյատևենք»:
Գյուղապետն ասում է՝ այլևս անհնար է հուսադրել բնակիչներին. «Ստացվում է՝ մինչև երեկ խաբել եմ գյուղացիներին, իսկ այսօր արդեն ասում եմ՝ լավ բան չկա, մեկ անգամ ևս խաբվեցինք»:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երևան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։ Ըստ լուրերի՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը հատկացվելու է Ադրբեջանին։
Արփինե Հակոբյան