Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ Բաղրամյան պողոտայում նստացույցի վերաբերյալ:

 

«Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, եւ հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները:

 

Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության եւ իր գործողություններն ու դրանց հետեւանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին: Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը եւ բնական է, եւ անհրաժեշտ:

 

Մեկ անգամ եւս կոչ ենք անում ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին: Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը եւ երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին:

 

Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»: