Ռուսաստանից մի խումբ հայ գործարարներ ժամանել են Հայաստան և դիտարկում են Տավուշի մարզի սահմանամերձ գոտիներում տրիկոտաժի արտադրություն սկսելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Գործարարներն արդեն ժամանել են Հայաստան: Այս պահին նրանք Տավուշի մարզում են, ուսումնասիրում են հնարավորությունները, այդ թվո ւմ՝ գործարանների համար տարածքներ ձեռք բերելու հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:

 

 

Պատգամավորի խոսքով' գործարարները դրական տրամադրվածություն ունեն: «Գործարարները լուրջ են տրամադրված, և ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան Տավուշի սահմանամերձ համայնքներում տրիկոտաժի արտադրություն սկսել»,- հայտնեց պատգամավորը:

 

 

Ավելի վաղ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան և Չինարի համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրել էր, որ առաջիկայում Հայաստան կժամանեն ռուսահայ մի խումբ գործարարներ, ովքեր ցանկանում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում տրիկոտաժի արտադրություն ստեղծել:

 

 

Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ ԱԺ-ն ընդունել է օրենք, ըստ որի' ՀՀ մի շարք սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումն ազատվում է բոլոր տեսակի հարկերից: